Ցեղասպանության ճանաչման սխալ ճանապարհով ենք ընթացել շուրջ հարյուր տարի. Ա.Մելքոնյան

Շուրջ հարյուր տարի մենք ընթացել ենք սխալ ճանապարհով. խոսելով Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին՝ նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում: «Ո՞ւմ կողմից պիտի ճանաչվի՝ Միացյա՞լ Նահանգների, Ֆրանսիայի՞, աֆրիկյան երկրների՞,- հարցրեց նա,- ճանաչումը պետք էր՝ որպես օժանդակ խնդիր, որ պետք էր լուծել ընդհանուր խնդիրների հետ: Այն օժանդակ խնդիր էր, որ պետք չէր դարձնել առաջնային: Մեզ ստիպել են, որ ճանաչմանն ուղղենք մեր բոլոր ջանքերը, ֆինանսական միջոցները: Ճանաչումը չպիտի դարձնենք գլխավոր նպատակ: Ինձ համար շատ հաճելի էր, որ այսօրվա երթերը «հատուցում» պահանջով էին, որ մեր երկու կաթողիկոսները եկեղեցապատկան ունեցվածքի հատուցման պահանջ էին ներկայացնում»:

Մելքոնյանի խոսքով՝ պետք է համախմբել ուժերը, ձևավորել հայեցակարգային մոտեցում ու նորովի սկսել աշխատել: Նա հիշեցրեց, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, հետևաբար նաև հարյուր տարի անց և դրանից հետո պետք է ներկայացնել ճանաչման, այսինքն՝ հատուցման պահանջ: Ըստ Մելքոնյանի՝ ճիշտ չէ, որ նյութական հատուցումը կատարվի անհատապես, այն պետք է կատարվի համալիր կարգով: «Փոխանակ մենք խոսենք նախապայմաններով, թուրքերն են խոսում նախապայմաններով»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը Թուրքիային կարող է ներկայացնել սահմանների բացման, օդային սահմանի անվճար տրամադրման և այլ պահանջներ: «Դրա փոխարեն, մենք նստել-մտածում ենք, թե այս անգամ ո՛ր երկրի խորհրդարանին ինչպես կարող ենք գայթակղել, որ մի բանաձև ընդունի»,- նշեց նա:

Պատմաբանը վստահ է, որ պետք է համախմբել Սփյուռքի և Հայաստանի միջազգայնագետների ու իրավաբանների միտքը, մշակել եղած նյութն ու մտնել միջազգային դատարան: Ըստ նրա՝ այդ պարագայում միայն հնարավոր է, որ դատարանը հետաձգի, տևական ժամանակ ձգձգի լսումները, սակայն միևնույնն է, մի օր դա պիտի լինի: «Եվ հետադարձ իմաստով հանցագործությունը միշտ պատժելի է»,- կրկնեց նա:

Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, ըստ Մելքոնյանի, ձախողում էր, բայց ոչ՝ հաջողված: «Բարեբախտաբար դիվանագիտական ճակատում դեռ չենք պարտվել, այլ՝ միայն ֆուտբոլում ենք պարտվել: Մեզ հիմա տասնմեկ մետրանոց են նշանակել, սակայն մրցավարը սուլել է, խաղն ընդհատվել է, հիմա թուրքերը սպասում են խաղը վերսկսվի, որ տասնմեկ մետրանոցը խփեն,- նշեց նա,- ուզում եմ հիշեցնել բոլոր նրանց, որ ասում էին, թե նախապայման չկա, Դավութօղլուն նշեց, որ այն պահին, երբ Հայաստանը վավերացնի այդ արձանագրությունները, հայ-թուրքական փշալարը դառնում է սահման, քանի որ այդտեղ հստակ նշվում էր, որ կողմերը ճանաչում են միմյանց սահմանները»:

Մելքոնյանը վստահ է, որ թուրքերը շարունակաբար աշխատում են, պատրաստվում են. «Երբ թուրքերը վայնասուն են բարձրացնում այս կամ այն խորհրդարանում ընդունված փաստաթղթերի կամ ուղղակի հայտարարությունների վերաբերյալ, դա ավելի շատ վայնասուն է, քան՝ իրենք իրոք մտահոգ են»,- ասաց նա՝ հավաստելով, որ իրենք էլ գիտեն, որ այդ հայտարարությունները ոչ մի նշանակություն ունենալ չեն կարող:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել