Գյուղատնտեսական համատարած հաշվառման համար մոտ Դ2 մլրդ կծախսվի

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) այս տարի կիրականացնի գյուղատնտեսական հաշվառման պիլոտային ծրագիր. համատարած հաշվառումը կսկսվի 2014թ. հոկտեմբերին։ Նախապատրաստական աշխատանքների կազմակերպման նպատակով ԱՎԾ-ն կառավարության պահուստային ֆոնդից խնդրում է հատկացնել Դ91,46 մլն։ Ընդհանուր առմամբ՝ առաջիկա չորս տարիներին նախատեսվում է ծախսել մոտ Դ2 մլրդ կամ գյուղոլորտի մեկ տարվա համախառն արդյունքի 0,2%-ի չափով գումար, և ոլորտում զբաղվածներին դուրս բերել կազմակերպաիրավական «ոչ ֆորմալ գործունեության» բնութագրից։

ԱՎԾ-ն գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման, նյութերի մշակման ու տարածման գործընթացը նախատեսում է իրականացնել 2013-2016 թթ., ծախսերի նախահաշիվը գնահատված է մոտ Դ1,85 մլրդ կամ $4,54 մլն, որից միայն առաջին տարվա նախահաշվային արժեքը Դ247,2 մլն է։ Ընդ որում՝ 2013թ. ծախսերի ֆինանսավորմանը Դ99,5 մլն նախատեսվում է ուղղել պետբյուջեից, Դ69,7 մլն՝ Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհից, Դ78 մլն-ի ֆինանսավորման աղբյուրները դեռ հստակեցված չեն։

Կառավարության ապրիլի 25-ի նիստի հավանությանը ներկայացված «ՀՀ-ում 2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառում, 2013թ. փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու և 2014թ. անցկացվելիք՝ գյուղատնտեսական համատարած հաշվառման համապետական, Երևանի և մարզային հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ գյուղատնտեսական համատարած հաշվառման կարևորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ ճյուղը տնտեսությունում կարևորագույններից է, այլև գյուղոլորտում ստեղծված նոր արժեքի մասնաբաժինը վերջին տարիներին ՀՆԱ-ում հասել է 16-20%-ի, զբաղվածների թվաքանակը կազմում է ընդհանուր զբաղվածների շուրջ 45%-ը (մոտ 492 հազ. մարդ)։

Բացի այդ՝ ոլորտում առկա են բազմաթիվ ու բազմաբնույթ տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից միայն գյուղացիական տնտեսությունների քանակը կազմում է մոտ 340 հազ. (նրանց բաժին է ընկնում գյուղատնտեսության համախառն արտադրանքի մոտ 90%-ը)։

Համաձայն գործող միջազգային մեթոդաբանության՝ գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրենից ներկայացնում է գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ համընդգրկուն տվյալների՝ գյուղատնտեսական նշանակության հողերի, անասնագլխաքանակի, գյուղատնտեսական տեխնիկայի և գյուղատնտեսական նշանակության շինությունների, առկա ներուժի և դրանց օգտագործման վերաբերյալ հաշվառման պահն արտացոլող հավաքագրման, մշակման և տարածման վիճակագրական գործառույթ։

«Գյուղատնտեսական համատարած հաշվառումը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ վերջինիս իրագործման արդյունքում հավաքագրված վիճակագրական տվյալները կօգտագործվեն ներքոհիշյալ բնագավառներում դիտազննումային (մոնիթորինգային) ցուցանիշների համակարգերի ձևավորման համար»,– նշված է փաստաթղթում։

ԱՎԾ-ի գնահատմամբ՝ հաշվառումը հնարավորություն կընձեռի ձևավորել գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտների վիճակագրական ռեգիստրներ, կատարելագործել ընտրանքային վիճակագրական գործիքները, ապահովել դրանց համադրելիությունը գործող միջազգային չափանիշներին ու չափորոշիչներին և բացահայտել տարիների ընթացքում գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները։

Բացի այդ՝ գյուղատնտեսական համատարած հաշվառումը, ըստ ԱՎԾ-ի, թույլ կտա հստակեցնել գյուղատնտեսության՝ որպես ձեռնարկատիրության (տնտեսական գործունեության տեսակի) առավել մանրամասնեցված կազմն ու կառուցվածքը, ինչի հենքով հնարավոր կլինի մշակել գյուղատնտեսությամբ զբաղվող 340 հազ. տնային տնտեսությունների համար վարչական հաշվառման հիմք հանդիսացող կազմակերպաիրավական նոր և գործունակ ձևեր։ Արդյունքում ոլորտը դուրս կգա «ոչ ֆորմալ գործունեության» բնութագրից (2010թ. հետազոտության արդյունքներով գյուղատնտեսական հատվածը Հայաստանում ունեցել է ոչ ֆորմալ զբաղվածության ամենաբարձր մակարդակը՝ 97,8%՝ պայմանավորված գյուղատնտեսական գործունեության մեջ իրավական ինստիտուցիոնալ կազմավորման բացակայությամբ)։

Մեկնաբանել