Քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխհարաբերություններին առնչվող հարցեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ, հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխհարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը և այս համատեքստում արժևորել է եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանի հետ կապերի հաստատումն ու խորացումը: Երկուստեք նշվել է փոխգործակցության համար հնարավորությունների լայն դաշտի առկայությունը և այս ուղղությամբ նպատակասլաց աշխատանքի անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: