Լրագրողի նկատմամբ բռություն կատարող մարդիկ առաջնորդվում են փողոցային արժեքներով. օմբուդսմեն

ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի` լրագրողի նկատմամբ բռություն կատարող մարդիկ առաջնորդվում են փողոցային արժեքներով և քրեական կանոններով:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Անհանգստությամբ և վրդովմունքով տեղեկացանք  լրագրող Հակոբ Կարապետյանի հետ կատարված միջադեպի մասին: Չնայած դեռևս պաշտոնապես չեն բացահայտվել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձինք, այդուհանդերձ վստահաբար կարելի է նշել, որ փողոցային արժեքներով և քրեական կանոններով առաջնորդվող անհատներին դժվար է բացատրել խոսքի ազատության բարձրագույն արժեքը, ինչպես նաև լրագրողի առաքելության վեհությունն ու կարևորությունը: Նման մարդկանց ավելի մատչելի են «դատվել», «նստել», այսինքն՝ «պատժվել» հասկացությունները: Հետևաբար նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ խիստ և համաչափ արձագանքն է:

Իրավունք չունենք միջամտելու քննությանը, սակայն հետևելու ենք դրա ընթացքին և օրենքով թույլատրելի եղանակներով և ժամանակ այս միջադեպին և դրա իրավական հետևանքներին տալու ենք մեր համարժեք գնահատականը:

Մեր զորակցությունն ենք հայտնում լրագրող Հակոբ Կարապետյանին և iLur.am լրատվական կայքին»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն` ապրիլի 23-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածում բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումը լուսաբանող ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի մասնագիտական աշխատանքը:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, կատարվում է հետաքննություն: