Ամերիկացիները գրեթե նույն կերպ են գնահատում Օբամային և Բուշ Կրտսերին․ հարցում

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերին դրական է գնահատում ամերիկացիների 49%-ը այն դեպքում, երբ Միացյալ Նահանգների գործող առաջնորդ Բարաք Օբամային՝ հարցվածների 52%-ը։ Այս մասին են վկայում ամերիկյան Fox News հեռուստաալիքի՝ Anderson Robbins Research և Shaw&Company Research ընկերությունների հետ համատեղ 2013թ․ ապրիլի 20-22-ին իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 1009 պատահական սկզբունքով ընտրված գրանցված ընտրող Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում։ Հարցումն իրականացվել է հեռախոսով և ինտերնետում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն, թե ինչպես են ընկալվում նախագահները, խիստ կախված է ամերիկացիների կուսակցական պատկանելությունից։ Հանրապետականները դեմոկրատներից երեք անգամ ավելի հաճախ են հակված Ջորջ Բուշին դրական գնահատելու․ եթե պահպանողականների կողմնակիցների շրջանում Բուշին աջակցում է հարցվածների 79%-ը, ապա դեմոկրատների շրջանում նրանք ընդամենը 24% են կազմում։

Միաժամանակ՝ դեմոկրատների 86%-ը հակված է բարձր գնահատելու Բարաք Օբամայի ձեռքբերումները այն դեպքում, երբ հանրապետականների շրջանում 44-րդ նախագահի մասին դրական կարծիք ունի միայն 17%-ը։ Ջորջ Բուշ Կրտեսրի միջին վարկանիշը նրա նախագահության ամբողջ ընթացքում՝ 2001-2009 թթ․, կազմել է 51%։ Բարաք Օբամայինը ներկայում 48% է։

ԱՄՆ-ի նախկին նախագահների շրջանում առավել բարձր վարկանիշ ունի դեմոկրատ Բիլ Քլինթոնը․ հարցված ընտրողների 71%-ը դրական է գնահատում նրա նախագահության շրջանը։ Դեմոկրատ Ջիմի Կարտերի և հանրապետական Ջորջ Բուշ Ավագի համակրելիության վարկանիշը 59% է։

Հարցումը նվիրված է եղել Դալասում Ջորջ Բուշ Կրտսերի նախագահական կենտրոնի բացմանը։

Մեկնաբանել