Նոր մանրամասներ Գյումրիում հնչած վերջին կրակոցների գործից

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել է, որ ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունը կատարել է ինքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Վահե Ղուկասյանը հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Արտյոմ Կարապետյանի կողմից «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից աջ կոնքի շրջանում վնասվածք է ստացել նաև ինքը:

Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական հետագա միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 24-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 54/Բ շենքի ձախ անկյունային հատվածին հարակից տարածքում հայտնաբերել և առգրավել են «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտներով:

Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Վահե Ղուկասյանը ձերբակալված է:

Մեկնաբանել