Բջջային վճարումների շուկան դեռ «մանուկ» է. Թիմ Կուկ

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դեռ պատրաստ չէ բջջային վճարումների շուկա դուրս գալուն: Ինչպես հաղորդում է Businessinsider-ը, այս մասին է վկայում ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկի` փորձագետների հետ հանդիպմանն արած հայտարարությունը:

«Կարծում եմ` բջջային վճարումների շուկան դեռ «մանկության» փուլում է: Եվ սա դեռ սկիզբն է: Գործը մեռյալ կետից նոր սկսում է շարժվել»,- ասել է Կուկը: Փորձագետների համոզմամբ` այս հայտարարությունը նշանակում է, որ Apple-ը մոտ ապագայում մտադիր չէ իր բջջային սարքավորումներում կիրառել NFC տեխնոլոգիան:

Նշենք, որ Apple-ը նախկինում ևս զգուշացել է իր սարքավորումներում համեմատաբար նոր և քիչ զարգացած տեխնոլոգիաների ներդրումից: Որպես օրինակ կարող է ծառայել 4G համակարգի ինտեգրումը: 2011թ. ապրիլին Թիմ Կուկը, որն այդ ժամանակ ընկերության օպերացիոն տնօրենն էր, հայտարարեց, թե LTE չիպերի առկայությունը ստիպում է բազմաթիվ զիջումների գնալ: Արդյունքում Apple-ը iPad 3 պլանշետում 4G-ն ներդրեց միայն մեկ տարի անց:

Մեկնաբանել