Դիարբեքիրում և Իզմիրում խոչընդոտել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը

Ապրիլի 24-ին Իզմիրի «Բասնամե» հրապարակում մոտ 2 հազ. մարդ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մասնակցել են Թուրքիայի քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Դեմիր Չելիքը, գրող, հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն:

Ըստ քրդական Firat գործակալության` «Բասնամե» հրապարակի մյուս մասում  հավաքվել էին «Ժողովրդի փրկության կուսակցության» անդամները: Կուսակցության անդամները հայտարարել են, թե Հայոց ցեղասպանությունը ստի վրա է հիմնված և հարձակվել հավաքված բազմության վրա: Սկսվում է ծեծկռտուք, որին միջամտած ոստիկանությունը կարողացել է հանդարտեցնել վիճակը:

Özgür Gündem թերթն էլ հաղորդում է, որ թուրքական ոստիկանությունն արգելել է Դիարբեքիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթի իրականացումը: Մասնակիցները ցանկացել են քայլերթով շարժվել դեպի այն վայրը, որտեղ նախկինում հայկական գերեզմանատունն էր: