Նախկին վարչապետ Բլեերը 60 մլն ֆունտ աշխատելու միջոց է գտել

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հաջողությամբ մոնետիզացրել է երկրի կառավարման տասը տարիներին ձեռք բերած միջազգային կապերը՝ ստեղծելով խորհրդատվական ընկերությունների ցանց քաղաքական և ֆինանսական էլիտաների համար։ 2007թ․ պաշտոնաթողության պահից ի վեր նա անձամբ և նրա ընկերությունները վաստակել են նվազագույնը 59 մլն ֆունտ ստեռլինգ, գրում է ռուսական RBC daily պարբերականը։

Բրիտանացի առաջնորդները պաշտոնաթողությունից հետո որպես կանոն միջազգային քաղաքականությունում ակտիվ դեր չեն խաղում։ Բլեերը, որը վարչապետի պաշտոնը լքելու պահին 54 տարեկան էր, որոշեց հետաձգել թոշակի գնալը։ Այն, ի դեպ, տարեկան 70 հազ․ ֆունտ է՝ գումարած հասարակական գործունեության հետ կապված 115 հազ․ ֆունտի վճարվող ծախսերը։ «Ի՞նչ է մնում անել վարչապետին պաշտոնաթողությունից հետո, երբ նա արդեն հիսունն անց է։ Գո՞լֆ խաղալ։ Այդպիսի հեռանկարն ինձ սարսափեցնում էր»,- խոստովանել է Բլեերը։ Որպես կանոն՝ Բրիտանիայի նախկին վարչապետներն առանձնահատուկ բարձունքների չեն հասնում։

Բլեերը մինչ այժմ քաղաքականությունում է․ նա մերձավորարևելյան կարգավորման հարցերով քառյակի խաղաղության հատուկ բանագնաց է։ Բացի այդ՝ նա ակտիվ զբաղվում է բարեգործությամբ 20 երկրում․ սկսած 2008-ից՝ նրա միջոցներ ներգրավողները հավաքագրել են ավելի քան 25 մլն ֆունտ, իսկ Բլեերն անձամբ նվիրաբերել է մոտ 5 մլն ֆունտ։ Մնացած գումարները գեներացնում է նրա բիզնես կայսրությունը, որը մատուցում է խորհրդատվական տարբեր ծառայություններ։

«Մենք ունեինք ընդամենը երեք մարդ և մի քանի բջջային համար։ Մենք չունեինք գրասենյակ կամ ենթակառուցվածք»,- պատմել է Բլեերը Bloomberg-ին։ Նա օգնության է դիմել KPMG խորհրդատվական ընկերությանը, ինչպես նաև իրավաբան Ռոբերտ Բառնետին, որը բիզնեսում օգնել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնին։ Այսօր Բլեերի կայսրությունը ներառում է ութ ընկերություն, որոնք բաժանված են նրա իսկ Windrush Ventures-ի և Firerush Ventures-ի միջև։ Դրանք մասնավոր են, այդ իսկ պատճառով էլ դրանց ֆինանսական հաշվետվությունը շատ համեստ է։ Հայտնի է, որ Windrush Ventures-ը անցյալ տարի 16 մլն ֆունտի հասույթ է ստացել։ Bloomberg-ի հաշվարկներով՝ 2007-ից Բլեերի խորհրդատվական ընկերությունները վաստակել են ավելի քան 45 մլն ֆունտ։

Բլեերի անձնական հոնորարները միլիոններով են հաշվվում։ Սկսած 2008-ից՝ միայն աշխատելով JP Morgan Chase-ի համար՝ նախկին վարչապետը ստացել է 10 մլն ֆունտ (տարեկան 2 մլն ֆունտ)։ Ինչպես բնութագրում են նրա գործառույթները բանկում, նա «դռներ է բացում»՝ օգնելով բիզնեսի ընդլայնմանը։

Հատկանշական է, որ նախկին վարչապետը կարող էր և չկայանալ՝ որպես հաջողակ բիզնեսմեն․ 2009թ․ նա հավակնում էր Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնին, որն արդյունքում զբաղեցրեց այդ պահին քիչ հայտնի բելգիացի վարչապետ Հերման վան Ռոմպույը։ «Եթե ինձ առաջարկեին այդ աշխատանքը, ես կհամաձայնեի»,- ասել է Բլեերը։ Եվրոպական խորհրդի նախագահի աշխատավարձը տարեկան €300 հազ․ է, այս գումարից մի փոքր քիչ Բլեերը աշխատել է այս տարվա հունվարին AlphaMetrix հեջ ֆոնդի գագաթաժողովին միայն մեկ ելույթի համար։

Մեկնաբանել