Ակտիվիստները ոգեկոչեցին Ապրիլի 24-ը Թուրքիայում. բա հետո…

80-միլիոնանոց երկրի մի քանի զարգացած քաղաքների կենտրոնական մասերում փոքրաքանակ ակտիվիստների ցույցերը կամ ինչ-որ մշակութային շենքի 7-րդ հարկում 20-հոգանոց հավաքները չպետք է չափազանց ոգևորությամբ ընդունել:

2013թ. ապրիլի 24-ին  Թուրքիայում, ինչպես վերջին տարիներին, կրկին  ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հիմնական միջոցառումները տեղի ունեցան Ստամբուլում, Իզմիրում, Ադանայում, Դերսիմում ու Դիարբեքիրում: Այս տարվա առանձնահատկությունն այն էր, որ «Դուռ դե» «Կա՜նգ առ»  իրավապաշտպան կազմակերպությունը, որի գաղափարախոսական ուղղվածությունը ռասիզմի և ֆաշիզմի դեմ պայքարն է, ոգեկոչմանը մասնակցելու նպատակով արտասահմանից, Սփյուռքից և Հայաստանից հրավիրելով մի քանի համայնքային ղեկավարների և գիտնականների, ապրիլի 24–ի նախօրեին կազմակերպեց նաև կոնֆերանսներ ու հավաքներ:

Ստամբուլի «Մարդու իրավունքների գրասենյակը» ևս կազմակերպեց ոգեկոչման և հիշատակի մի քանի հավաքներ, որոնցից Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում տեղի ունեցածը համեմատաբար ավելի շատ մասնակիցներ ուներ: Այտեղ հավաքի մի քանի հարյուր մասնակիցներ հիշատակեցին 1915թ. ապրիլի 24-ին Պոսում հայ մտավորականների ձերբակալությունն, աքսորը և սպանությունները: Մասնակիցներն իրենց ձեռքերում պահելով աքսորյալ հայ մտավորականների նկարները՝ նստացույց իրականացրին հրապարակում:

Ինչքան էլ տեղի ունեցածը նախկին տարիների համեմատ ընկալվի որպես որոշակի առաջընթաց, մոտ 80-միլիոնանոց երկրի մի քանի զարգացած քաղաքների կենտրոնական մասերում արված փոքրաքանակ ակտիվիստների ցույցերը կամ քաղաքի ինչ-որ մշակութային շենքի յոթերորդ հարկում քսանհոգանոց լսարանում կազմակերպված կոնֆերասներն ու հավաքները չպետք է չափազանց ոգևորությամբ ընդունել որպես Թուրքիայի քաղաքականության կտրուկ փոփոխության նախանշան:

Այս ամենով հանդերձ՝ չպետք է նսեմացնել նաև նման ցույցերին մասնակցող թուրքերի քաջությունը: Թուրքիայի այսօրվա պայմաններում դեռևս բավականին վտանգավոր է մասնակցությունը նման ցույցերին և դրանով է բացատրվում այն, որ դրանց մեջ հազվադեպ ենք նկատում տեղացի հայերին, որոնք առաջնորդվում են իրենց ունեցած պրոբլեմներին նորերը չավելացնելու մտավախությամբ:

Կազմակերպված կոնֆերանսները դժվար է ասել, թե ուղղված էին միայն հայերի տեղահանումների, ոչնչացման և ցեղասպանության թեմաներին: Դրանց ընթացքում խոսվում էր նաև ասորիների, եզդիների, հույների, քրիստոնյա այլ խմբերի ջարդերի մասին: Հատկապես քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության այս տարվա ելույթներում պետությանը կոչ էր արվում լուսաբանել դեպքերը, խուսափելով «ցեղասպանություն» բառի օգտագործումից:

Բոլոր միջոցառումների ընթացքում ամենահստակ ասելիք ունեցողը Ստամբուլի «Մարդու իրավունքների գրասենյակն» էր, որի ներկայացուցիչների ելույթներում հաճախ էր լսվում «ցեղասպանություն» բառը և կրկնվում էր Ցեղասպանությունը հերքելը և չընդունելը հերթական նոր ցեղասպանության հանգեցնելու դրույթը, օրինակ էր բերվում Հրանտ Դինքի, թուրքական բանակում ծառայած Սևակ Բչակչիի ու Սամաթիայում հայ տարեց կանանց սպանությունները:

Գրասենյակի խոսնակ Էրեն Քեսքինը զգուշացնում էր. «Եթե չընդունվի Ցեղասպանությունը, շարունակվելու են մարդու իրավունքների խախտումները, որոնք բերելու են նմանատիպ նոր հարձակումների ու սպանությունների»:

Այսօր հայերս, կարծես թե, մի փոքր թեթևանում ենք՝ ականատես լինելով թուրք ազգի, թեկուզ շատ քչերի, պայքարին Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունման հարցում: Ինչ արվում է Թուրքիայում, ողջունելի է և կարիք ունի աջակցության, սակայն այս բոլորը չպետք է խաբկանք առաջացնի, որ մտածենք թե հասարակության որոշակի շերտի իրավապաշտությունը կարողանում է ազդեցություն ունենալ կառավարության ներքին ու արտաքին քաղաքականության վրա:

Թուրքիան Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, կարծես թե, փորձեց նոր երկխոսություն սկսելու նախանշաններ տալ Վան-Երևան թռիչքը կազմակերպելու և սփյուռքահայերի Անատոլիա վերադարձի հնարավորության մասին հայտարարություններով: Ադրբեջանի ճնշման և Անկարայի Հայաստանի հանդեպ լպրծուն քաղաքականության հետևաքով թռիչքները չիրականացան, իսկ նման առաջարկով հանդես եկած մշակույթի նախարար Օմեր Չելիքն իր վերջին ելույթում մի անգամ ևս հերքեց Ցեղասպանությունը, ասելով, որ 1915 թ. տարածաշրջանում ապրող բոլոր ազգերն էլ ցավեր են ունեցել:

Ապրիլի 24-ին հայկական հեռուստաալիքներով և թերթերում տեսանք Թուրքիայի հասարակության և իրականության մասշտաբով բավական անծանոթ և ոչ հեղինակավոր դեմքերի, որոնք բառացի ընդունում էին Ցեղասպանությունը, սակայն ցավոք, դրանք ոչ միայն չեն ճանաչվում Թուրքիայում և ոչ մի ազդեցություն չունեն կառավարության և հասարակության վրա, այլև վաղուց հեռացել են Թուրքիայից և ապաստանել Եվրոպայի տարբեր երկրներում:

Դժվար է հասկանալ Թուրքիայի հետագա հայկական քաղաքականությունը, երբ տեսնում ենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես դատապարտում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձը՝ այն համարելով պրոբլեմատիկ, պատմական իրականությունը խաթարող, միակողմանի, անարդար և գիտական սահմանումից  հեռու:

Այս ամենը մեկ անգամ ևս տեղիք է տալիս մտածելու, որ ռոմանտիկ ոգեկոչման ցույցերը ոչ մի կերպ չեն նպաստում թուրքական քաղաքականության փոփոխմանն ու Ցեղասպանության ընդունմանը, քանի որ նույնիսկ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը վերացնելուն անտարբեր երկրից ոչ մեկը մտադրված չէ Թուրքիային պատժել իր հերքման քաղաքականության և Ցեղասպանությունը մերժելու համար: