Շտեմարաններով բիզնես անելը ճիշտ չէ. Տ. Սարգսյան

Ապրիլի 25-ին տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ վերջերս քաղաքացիներից դիմումներ է ստանում դպրոցական դասագրքերը, ինչպես նաև ընդունելության քննությունների շտեմարանները շահառուներին հասանելի դարձնելու մասին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Հարցը հրատապ է այն առումով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանրակրթական դպրոցներում համակարգիչ ներմուծելուն, և երեխաները կարող են դասագրքերից օգտվել համակարգչի օգնությամբ»,- շեշտել է վարչապետը։

Ստանալով կրթության և գիտության փոխնախարարի հավաստիացումը, որ բոլոր դասագրքերը տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պորտալում, Տիգրան Սարգսյանը հավելել է. «Ուրեմն, մենք այսօր մեր քաղաքացիներին կարող ենք հայտարարել, որ Հայաստանում կիրառվող բոլոր դասագրքերը տեղակայված են կրթական պորտալում, և երեխաները, ծնողներն ազատորեն և անվճար կարող են օգտվել դրանցից։ Ճիշտ կլինի, որ ընդունելության քննությունների շտեմարանները նույնպես անվճար հասանելի լինեն մեր քաղաքացիներին։ Քանի որ պետական քննություններն անցկացվում են այդ շտեմարաններով, ուրեմն` պետությունը ճանաչել է դրանք, և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան օգտվել դրանից։ Շտեմարաններով բիզնես անելը ճիշտ չէ»։