Կուդրինը «գլուխ է պահում». Պուտինի 11-րդ «ուղիղ գիծը»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցկացնում է իր ավանդական «ուղիղ գիծը»՝ 11-րդ անգամ պատասխանելով քաղաքացիների հարցերին ուղիղ եթերում։

Այս տարի «ուղիղ գծի» անակնկալ է դարձել Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի անսպասելի ելույթը, որին Պուտինը խոսք է տրամադրել, երբ իրեն հարցրել են տնտեսական իրադրության և կառավարության հնարավոր հրաժարականի մասին։ «Ուղիղ գծի» պատմության ընթացքում Պուտինը երբեք ուրիշ մեկին չէր առաջարկել պատասխանել իրեն տրված հարցին։ ՌԴ նախագահը հաստատել է, որ Կուդրինին հրավիրել են աշխատելու կառավարությունում, սակայն նա հրաժարվել է, որովհետև «գլուխ է պահում»։

Վլադիմիր Պուտինի 11-րդ «ուղիղ գծի» առավել ուշագրավ հատվածները ներկայացվում են ստորև։

Հիջաբների և միգրանտների մասին

«Արդյոք դպրոցներում վերջին շրջանում հիջաբներով աղջիկների հայտնվելը իսլամականացման նշա՞ն է» հարցին ի պատասխան Պուտինը նշել է.

– Դրանում ոչ մի լավ բան չկա։ Կան, իհարկե, ազգային առանձնահատկություններ որոշ հանրապետություններում։ Սակայն այն, ինչի մասին դուք ասացիք, ազգային առանձնահատկություն չէ։ Դա կրոնի նկատմամբ հայտնի վերաբերմունքի դրսևորում է։ Մեր երկրում՝ մուսուլմանական շրջաններում, այդպիսի ավանդույթ չի եղել։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանում հարկ է գնալ դպրոցական համազգեստի վերականգնման ճանապարհով, և այդպիսի աշխատանք արդեն իրականացվում է։

Անդրադառնալով Ռուսաստանում միգրանտների ապագային՝ Պուտինն ասել է. «Ես կարծում եմ, որ հարկ է խստացնել Ռուսաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի կարգը։ Կարելի է փորձել արագացնել այդ գործընթացը, սակայն այդ դեպքում մենք չենք կարողանա առարկություններ ներկայացնել մեր գործընկերներին։ Այդ դեպքում մենք ստիպված կլինենք օգնություն ցուցաբերել (անձնագրեր տպելու հարցում), այդ նպատակով հատկացնել միջոցներ մեր բյուջեից»։

Արևմուտքի հետ հարաբերությունների մասին

Որոշակի սառեցում սկսվեց Իրաքի դեպքերից։ Ապա ծայր առան դեպքերը Լիբիայում և աշխարհի այլ մասերում։ Մենք չենք կարծում, թե մեր գործընկերների դիրքորոշումը բացարձակ ճիշտ է։ Իմ վերջին այցի (Գերմանիա և Նիդեռլանդներ) ընթացքում շատ ժամանակ տրամադրվեց սեռական փոքրամասնությունների իրավունքներին։ Հասկանո՞ւմ եք՝ նրանք իրենց ստանդարտներն ունեն։ Մենք ինչո՞ւ պետք է այդ բոլորը փոխառենք մեզ մոտ, մեր հասարակությունն այլ է։ Եկեք ոչինչ չպահանջենք միմյանցից։ Սակայն սա չի նշանակում, թե մենք չպետք է փնտրենք մերձեցման ուղիներ։ Մենք պատրաստ ենք աշխատել հարաբերությունների մթնոլորտի բարելավման ուղղությամբ։ Սակայն վատթարացման համար էլ մենք ոչինչ չենք անում։

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մասին

Պուտինը մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործիչ և հայտնի բոլգեր Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ քրեական գործերը՝ հայտարարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարողները պետք է բյուրեղյա մաքրության լինեն։

«Մարդիկ, որոնք պայքարում են կոռուպցիայի դեմ, իրենք պետք է բյուրեղյա մաքուր լինեն, այլապես այդ ամենը ինքնափիարի և քաղաքական գովազդի է նմանվում,- ասել է ՌԴ նախագահը։ – Եվ որևէ մեկը չպետք է պատրանքներ ունենա․ եթե ինչ-որ մեկը բարձրաձայն բղավում է «բռնե՛ք գողին», չի նշանակում, որ իրեն թույլատրված է գողանալ»։

Վլադիմիր Պուտինի՝ ռուսաստանցիների հետ շփումը «ուղիղ գծի» ձևաչափով առաջին անգամ իրականացվել է 2001թ.։ 2008թ., երբ նա դարձավ վարչապետ, ավանդույթը պահպանվեց, սակայն ձևաչափը ստացավ «Զրույց Վլադիմիր Պուտինի հետ» անվանումը։ Այս «ուղիղ գիծը» Պուտինի համար առաջինն է 2012թ. մարտին Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։