iPhone և iPad կոտրողը Google-ում աշխատանքի կանցնի

Նիկոլաս Ալեգրանը, որը հայտնի է որպես iPhone և iPad սարքավորումները կոտրող JailbreakMe գործիքի հեղինակ, աշխատանքի կանցնի Google ընկերությունում, հաղորդում է Forbes-ը: Այս մասին Ալեգրան, որը համացանցում հանդես է գալիս Comex մականունով, հայտնել է իր Թվիթերի իր էջում:

Ալեգրան նշել է, որ Google-ում աշխատանքի կանցնի արդեն մի քանի շաբաթից, և իր պարտականությունները կապված չեն լինի Android օպերացիոն համակարգի հետ: Comex-ը հավելել է նաև, որ «իրեն այնքան էլ դուր չի գալիս Android-ը` այն կոտրելու համար»:

Հատկանշական է, որ 2011-2012 թթ. Ալեգրան փորձաշրջան է անցել ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունում: Նրա խոսքով` Apple-ից հեռացել է, քանի որ չի հասցրել համապատասխան ժամանակահատվածում պատասխանել իրեն ուղղված նամակին, որում նշված է եղել պայմանագրի երկարաձգման մասին տեղեկությունը: 

2007-2011 թթ. Comex-ը թողարկել է iPhone, iPad և iPod touch սարքավորումների կոտրելու համար նախատեսված մի շարք JailbreakMe գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս նշված սարքավորումներում տեղադրել բջջային ծրագրեր, որոնք App Store օնլայն խանութին չեն պատկանում: Նշենք, որ Ալեգրան ստեղծել է նաև Nintendo Wii խաղային համակարգը կոտրելու ծրագիրը:

Comex-ը ներկայացրել է JailbreakMe 3 սարքավորումները կոտրող գործիքը 19 տարեկանում: Այս գործիքի թիրախում սարքավորումներում աշխատող Safari բրաուզերն է:Գործիքը կիրառվում է iOS 4.3-4.3.3 օպերացիոն համակարգերում: Մեկ ամսվա ընթացքում JailbreakMe 3-ը ներբեռնել է ավելի քան 2 մլն մարդ: