Գարեգին Բ-ն ընդունել է Եվրախորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին` ուղեկցությամբ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի և Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի, հաղորդում են Մայր աթոռի մամուլի դիվանից:

Կարևորելով Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի ձևավորումը` Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել այն ջանքերը, որ խմբի անդամները ներդնում են հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և Հայաստանի` Եվրամիությանն անդամագրվելու գործընթացի ուղղությամբ:

Ի դեմս խմբի անդամների՝ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, պետություններին և անհատ անձանց, ովքեր կարևոր ներդրում են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումը կնպաստի նաև մարդկության կյանքում տեղ գտնող նման երևույթների կանխմանը:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հաջողություն է մաղթել Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի առաքելությանը` նշելով, որ թեև այն ուղղված է Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների սերտացմանը, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, սակայն դուրս է գալիս այդ սահմաններից և համամարդկային բնույթ ստանում` ի նպաստ արդար ու խաղաղ աշխարհի կառուցման:

Մեկնաբանել