Սերբիայի նախագահը Բոսնիայից ներողություն է խնդրել Սրեբրենիցայի համար

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը բոսնիական հեռուստատեսության եթերում ներողություն է խնդրել բոլոր հանցագործությունների համար, որ սերբերը կատարել են Հարավսլավիայի փլուզումից հետո, ներառյալ՝ 8 հազ․ բոսնիացի մուսուլմանների զանգվածային սպանությունը Սրեբրենիցայում։ Սակայն Նիկոլիչը հրաժարվել է ողբերգական դեպքերը ցեղասպանություն անվանել, հաղորդում է BBC-ն։

Փոխարենը Սերբիայի նախագահն ասել է, որ պատրաստ է ծնկի իջնել և ներողություն խնդրել։

Վերջին տարիներին այսպիսի ներողություններ բազմիցս հնչել են Սերբիայի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից, սակայն Նիկոլիչը նման բան առաջին անգամ է արել։

Նախկինում Սերբիայի ներկայիս առաջնորդը գլխավորել է «Սերբական արմատական կուսակցությունը», որը ուլտրաազգայնական ուղղություն ունեցող քաղաքական շարժում է։

Սրեբրենիցայի դեպքերը ցեղասպանություն են ճանաչել Հաագայում ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հարցերով տրիբունալը և Արդարության միջազգային դատարանը։