Հայաստանում կզարգացվի Վեճերի կարգավորման այլընտրանքային համակարգը

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը և արդարադատության նախարարությունը ապրիլի 25-ին մտադրությունների հուշագիր են ստորագրել՝ համագործակցելու Հայաստանում գործարար միջավայրի բարեփոխումների շուրջ և զարգացնելու Վեճերի կարգավորման այլընտրանքային առկա համակարգը (ADR), ասված է «Ի-Դի-Էմ-Սի» տարածած հաղորդագրությունում:

2013թ. ապրիլից մինչև 2014թ. դեկտեմբեր կողմերը համատեղ կաշխատեն և կիրականացնեն մի շարք գործողություններ, այդ թվում՝ Հայաստանում Վեճերի կարգավորման այլընտրանքային համակարգի ընթացիկ վիճակի մանրամասն հետազոտություն և այդ համակարգի զարգացմանը խոչընդոտող իրավական և ինստիտուցիոնալ թերությունների բացահայտում: «Ի-Դի-Էմ-Սի»-ն արդարադատության նախարարությանը կաջակցի դատական և իրավական բարեփոխումների իրականացման գործում՝ այդ թվում ոլորտում իրավական քաղաքականության, անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակմանը և դրանց շուրջ շահառուների հետ հանրային լսումների ու կլոր սեղան քննարկումների կազմակերպմանը: Կկազմակերպվեն լայն հանրության շրջանակներում վեճերի կարգավորման այլընտրանքային համակարգերի մասին իրազեկման ու վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

ԱՄՆ ՄԶԳ-ն «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով կաջակցի նախարարությանը մշակելու կանոնադրական նորմեր, էթիկայի կանոններ, արտոնագրման և թեստավորման չափանիշներ, ձեռնարկներ, գնահատման մեթոդոլոգիա և այլ կարգավորումներ: Բացի այդ՝ կկազմակերպվի վերապատրաստման դասընթաց` հաշտարարների, դատավորների, իրավաբանների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործարարների և լայն հանրության համար: Համագործակցության ընդհանուր արդյունավետությունը երաշխավորելու համար կմշակվի մշտադիտարկման արդյունավետ համակարգ:

«Զարգացած բազմաթիվ երկրներում Վեճերի կարգավորման այլընտրանքային համակարգն ընդհանուր իրավական համակարգի մասն է կազմում: Սովորաբար դատարաններում դատական հայցերի ծանրաբեռնվածությունը երկարաձգում և ավելի է թանկացնում դատական գործընթացները, ինչը բացասաբար է ազդում գործարար միջավայրի վրա: Արդյունավետ ADR համակարգը այս իրավիճակից հնարավոր ելքն է, որը տարաձայնություններ ունեցող կողմերին հնարավորություն է տալիս համաձայնության գալ՝ առանց դատական գործընթացների մեջ մտնելու»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:

Նրա խոսքով՝ ADR համակարգը կօգնի պահպանել բիզնեսների միջև հարաբերությունները և կնպաստի այդ համակարգի նկատմամբ հաճախորդների վստահության աճին, որը զգալի ներուժ ունի է հատկապես այնպիսի ոլորտում, ինչպիսին օրինակ զբոսաշրջությունն է, որտեղ ավանդական դատական գործընթացների կիրառումը առաջացնում է մի շարք խնդիրներ:

Մեկնաբանել