Թուրքիայում 30 տարի շարունակվող պատերազմն ավարտվել է

Թուրքիայում 30 տարի շարունակող պատերազմն ավարտվել է այսօր` ապրիլի 25-ին: Անսալով Աբդուլլահ Օջալանի կոչին` Քանդիլի լեռներում ապաստանած PKK-ի ղեկավարությունը Մուրատ Քարայըլանի գլխավորությամբ հայտարարել է, որ մայիսի 8-ից զորքերը դուրս է բերելու Թուրքիայից:

Քանդիլում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ներկա օտարերկրյա, թուրքական և քրդական լրատվամիջոցների ներկայությամբ Քարայլըանը հայտարարել է, որ թուրքական պետության և քուրդ ժողովրդի առաջնորդ Ապոյի միջև տարիներ ի վեր շարունակվող հանդիպումներն ու բանակցությունները կարևոր հանգրվանի են հասել: Պետք է վերջ դնել սկսած գործընթացին, այդ պատճառով մայիսի 8-ից սկսած քուրդ զինյալները կլքեն Թուրքիան:

Թուրքայում քննարկվում էր` PKK-ն Թուրքիայից հեռանալուց առաջ զենքը կհանձնի՞ իշխանություններին, ինչպես վերջիններս պահանջում էին, թե՞ կլքի զենքով:

Քարայլըանն ասել է, որ սկզբում զինյալները չեն հանձնի զենքը, սակայն գործընթացը հաջորդական է լինելու, և երրորդ փուլում տեղի կունենա զինաթափումը:

Նա շեշտել է, որ քրդերը ժողովրդավարական և ազատ կյանք վարելու իրավունք պետք է ունենան, պետք է վերջ տրվի քուրդ ազգի դեմ իրականացվող ժխտողական քաղաքականությանը: Քուրդ առաջնորդը հայտարարել է նաև, որ քուրդ զինյալների դուրս գալուց հետո թուրքական զինուժը քրդաբնակ վայրերում չպետք է ակտիվացնի իր գործողությունները:

Թուրքիայի դեմ PKK-ի զինված պայքարը սկսվել է 1984թ. օգոստոսին, երբ PKK-ի զինյալներն անցան Թուրքիայի սահմանը և փորձեցին գրավել սահմանային մի շարք շրջաններ: Թեև մի քանի անգամ կողմերը զինադադար են հաստատել` սակայն քուրդ զինյալները երբեք ամբողջությամբ չեն լքել Թուրքիան` շարունակելով մնալ լեռներում:

2013թ. մարտի 21-ին Օջալանը հանդես էր եկել միակողմանի զինադադար հաստատելու հայտարարությմաբ և կոչ արել քուրդ զինյալների զենքը վայր դնել ու լքել Թուրքիան:

Մեկնաբանել