Է.Նալբանդյանն ու Ս.Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ

Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով՝ այսօր մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան. հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափով:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Սերգեյ Լավրովը շնորհավորել է նրան Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնել, որ առաջին պաշտոնական այցելությունը կատարվում է Ռուսաստան:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարները շուրջ հինգ տասնյակ հանդիպումներ են ունեցել: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ինտենսիվությունը բնորոշ է երկու երկրների դաշնակցային փոխհարաբերություններին, ինչն արտացոլվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ համագործակցությամբ»:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը գոհունակություն են հայտնել, որ ՀՀ Նախագահի վերընտրվելուց հետո առաջին արտերկրյա այցելության ընթացքում ՌԴ ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը նոր խթան է հաղորդում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ընդգծելով, որ հարաբերությունները պետությունների միջև վերընթաց զարգացում են ապրում և հարստանում են նոր բովանդակությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Նախարարներն անդրադարձել են առավել քան երկու հարյուր փաստաթղթերից բաղկացած իրավապայմանագրային դաշտի արդիականացման ու ընդլայնման հարցերին: Այս համատեքստում քննարկվել են նոր պայմանագրային նախագծերի շուրջ ընթացող աշխատանքները, որոնք ստորագրման կներկայացվեն բարձր մակարդակի առաջիկա հանդիպումների ընթացքում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը,  անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Գոհունակությամբ նշվել է, որ նախորդ տարիների ինտենսիվ աշխատանքի արդյունքում առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն մեծացել են:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը անդրադարձել են ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում առկա սերտ համագործակցությանը:

Նախարարները կարևորել են միջխորհրդարանական կապերը, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպմանը երկուստեք նշվել է, որ ապակենտրոնացված համագործակցությունը, որում ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերը և ՌԴ տարածաշրջանների գերակշիռ մասը, նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար: Այդ համատեքստում կարևորվել է հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի դերակատարությունը, որի երրորդ նստաշրջանը նախատեսված է անցկացնել այս տարվա ընթացքում։

Երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ, որի շրջանակներում անցյալ տարի յոթ թեմատիկ ուղղություններով խորհրդատվություններ են անցկացվել։ Անդրադարձ է կատարվել այս տարվա ընթացքում նախատեսված խորհրդատվությունների ժամանակացույցին:

Բանակցությունների օրակարգում էին ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերը։  

Եվրոպայի խորհրդում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ստանձնելիք նախագահության համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել այդ կառույցների օրակարգային հարցերին։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են հումանիտար ոլորտում համագործակցության առավել զարգացման հարցեր:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց են ունեցել միջազգային և տարածաշրջանային խնդիրների, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր և Միջին Արևելքում զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է եղել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների մշտական ջանքերի համար:

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները մշտապես առանձնանում են դաշնակցային հարաբերություններին բնորոշ փոխըմբռնմամբ և արդյունավետությամբ:

Նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիսը: