Այլընտրանքային ծառայության մասին լսումներ ԱԺ-ում

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի են ունեցել «Այլընտրանքային ծառայության օրենսդրական և իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ մարտի 18-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նախագծերի վերաբերյալ հնչել են ԱԺ պատգամավորների տարբեր տեսակետներ ու մտահոգություններ, և հանձնաժողովը նպատակահարմար է գտել այդ թեմայով անցկացնել խորհրդարանական լսումներ: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ խնդրի կարգավորման ժամանակ օբյեկտիվորեն առնչվում ենք երկու շատ կարևոր հիմնախնդրի. մեկը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորվող խղճի և դավանանքի ազատությունն է, մյուսը՝ ազգային անվտանգության գերակայությունը: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանական լսումների ժամանակ շահագրգիռ կողմերը հիմնախնդրի լուծման իրենց մոտեցումները ներկայացնելիս հաշվի կառնեն այդ փաստը և կփորձեն առաջարկել ոլորտի կարգավորման առավել արդյունավետ տարբերակներ՝ չշրջանցելով ոչ ազգային անվտանգության խնդիրը, ոչ էլ ՀՀ քաղաքացու իրավունքները:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով խորհրդարանական լսումների՝ պետական կառավարման և քաղաքացիական հասարակության տարբեր օղակներ ներկայացնող մասնակիցներին, հույս է հայտնել, որ կարևորագույն այս խնդրի վերաբերյալ կարտահայտվեն իրատեսական մոտեցումներ: Նա նկատել է, որ Հայաստանում աղանդները լայն տարածում են ստացել, և իրավական ու բարոյական սահմաններից ամեն մի շեղում կարող է վնասակար լինել և քաղաքացու, և պետության ու նրա անվտանգության համար: Նա հորդորել է քննարկման ժամանակ հաշվի առնել խղճի ու դավանանքի վերաբերյալ սահմանադրական նորմն ու պետական անվտանգության խնդիրները:

Հերմինե Նաղդալյանը նաև շնորհակալություն է հայտնել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահին ու անդամներին երկրի համար կարևորագույն հիմնախնդիրներին՝ հասարակության և ուժային կառույցների համագործակցությանն ու փոխվստահությանն առնչվող խորհրդարանական լսումների շարք կազմակերպելու համար:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը անդրադարձել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի ստեղծման պատմությանն ու բովանդակությանը: Նրա տեղեկացմամբ՝ նախագիծը նախատեսում է այլընտրանքային զինվորական ծառայությունը տարանջատել այլընտրանքային աշխատանքային ծառայությունից՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են արդյոք ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ զենք կրելուն ու օգտագործելուն: Նախատեսվում է որոշակիորեն կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30 ամիսը, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը:

Փաթեթով սահմանվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը՝ ներառելով ավելի մեծ քաղաքացիական մասնակցություն: Նրանք լինելու են տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության և պաշտպանության, պետական կառավարման մարմինների և կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների ու կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման ներկայացուցչներ: Օրինագծերի փաթեթը կարգավորում և հստակեցնում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումները քննարկելու, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու, դրանք բողոքարկելու ընթացակարգերը:

Հրայր Թովմասյանը տեղեկացրել է, որ նախորդ տարիներին կրոնական դավանանքի կամ հայացքների պատճառով զինվորական ծառայությունից խուսափելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել, որի արդյունքում տասնյակ քրեական պատիժներ են սահմանվել: Նախարարի գնահատմամբ՝ նրանց տեղը քրեակատարողական հիմնարկը չէ, և պետք է գտնել պետությանը ծառայելու այլընտրանքային ձև, ինչն էլ հենց քննարկվող փաթեթի կարգավորման առարկան է:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է օրենքն ուշացումով ընդունելու և կրոնական այլ դավանանք կամ հայացքներ ունեցող անձանց ներուժը չօգտագործելու վնասների մասին, իսկ ազգային անվտանգության տեսանկյունից անընդունելի է համարել, երբ զինվորը, իր համոզմունքներին հակառակ, դժկամորեն է զենք վերցնում՝ պաշտպանելու պետական սահմանը, և դառնում անկանխատեսելի: Նա օրենքի ընդունման անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորել է Հայաստանի քաղաքացու իրավունքների տեսանկյունից և ապա նոր միայն՝ միջազգային պարտավորություններով:

«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանն անդրադարձել է խնդրի կարգավորմանն ուղղված իրենց կազմակերպության գործունեությանը, այնուհետև մտահոգություն է հայտնել օրենքում մի շարք դրույթների անկատարության կապակցությամբ, որոնք վերաբերում են աշխատանքային ծառայության տարբեր հարաբերություններին, հանձնաժողով դիմում ներկայացնելու և բողոքարկման ձևերի բացակայությանը:

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վտանգավոր է համարել այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունումն այնպիսի մի երկրում, որտեղ շարունակվում է պատերազմի վտանգը: Նրա կարծիքով՝ արտոնություններ տալով աղանդավորականներին՝ հող է նախապատրաստվում նրանց համար, ովքեր չարակամորեն փորձում են խուսափել զինվորական ծառայությունից: Այլընտրանքային ծառայությունը, ըստ պատգամավորի, աճի միտում կարող է ունենալ և ազգի պառակտման, ազգային սովորությունների ոտնահարման ու բանակաշինության քայքայման նախադեպ դառնալ:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ օրենքի բացակայությամբ մարդկանց ճակատագրեր են խաթարվում: Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ նա մտահոգություն է հայտնել մի շարք կարգավորիչ դրույթների բացակայության կամ էլ դրանց անկատարության վերաբերյալ: Մասնավորապես, նա նկատել է, որ օրենքը չի անդրադառնում զինվորական ծառայության ընթացքում զինվորի՝ համոզմունքը փոխվելու դեպքերին, օրենքում բացակայում են բողոքարկման մեխանիզմները և դավանանքի ու համոզմունքների հավաստիությունն ստուգող չափանիշները:

Ելույթ ունեցողները պատասխանել են նաև լսումների մասնակիցների հարցերին:

Ամփոփելով խորհրդարանական լսումները՝ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել ակտիվ քննարկումների համար և հավաստիացրել, որ հանձնաժողովում օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հաշվի կառնվեն նախագծերի վերաբերյալ հնչած առաջարկները: