Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Ջոն Հեֆերնին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և նրան ուղեկցող անձանց. տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Հանդիպման սկզբում Վլադիմիր Գասպարյանը ցավակցություն է հայտնել Բոստոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ ԱՄՆ դեսպանատան աջակցության համար, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է վերջին շրջանում, մասնավորապես, ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությանը: 

Ոստիկանության պետն ընդգծել է, որ, բոլոր թերություններով հանդերձ, ոստիկանությունն իրականացրեց իրեն վերապահված գործառույթները, և կուտակված փորձը դրական ազդեցություն է ունենալու Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, որն իր առանձնահատկություններն ունի:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ արձանագրվել է երեք միջադեպ, որոնցով քննություն է կատարվում: Ոստիկանության պետը որպես օրինակ բերել է Նոր Նորքում լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փորձը, որով իրականացվել է ծառայողական քննություն, և իրենց պարտականություններում թերացած  ոստիկանության ծառայողները ենթարկվել են համապատասխան տույժերի:

Ոստիկանության պետն ընդգծել է, որ այսօր ոստիկանության գործառույթներն իրականացվում են յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության դաշտում, ինչը համակարգում ընթացող բարեփոխումների համատեքստում է: 

Վլադիմիր Գասպարյանն արձանագրել է, որ բարեփոխումների ծրագրային դրույթների բազմակի քննարկումներից ու հստակեցումից հետո եկել է կոնկրետ գործողությունների ժամանակը, որոնց արդյունքը լինելու է նոր՝ հասարակության հավատն ու վստահությունը վայելող ոստիկանությունը:  

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ջոն Հեֆերնը նկատել է, որ ոստիկանությունում իրականացվում են բարեփոխումների բոլոր ծրագրերը:

Դեսպանը դրական է գնահատել ընտրությունների ընթացքում ոստիկանության ցուցաբերած զուսպ գործելակերպը, միևնույն ժամանակ նկատելով, որ հասարակության վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր իրավախախտները: 

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այդ նպատակն են հետապնդում նաև զանգվածային միջոցառումների ընթացքում կատարվող տեսանկարահանումները, որոնք հետագայում մանրամասն քննարկվում են՝ ի հայտ բերելով ծառայության ընթացքում տեղ գտած թերություններն ու բացթողումները:

Ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ գործը, օբյեկտիվությունն ապահովելու համար, քննվում է Հատուկ քննչական ծառայությունում: