Դեռ 2003թ-ից այլընտրանքային զինծառայության մասին օրենքը չի գործել. Հրայր Թովմասյան

Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու հետ կապված 26 գործ կա այսօր նախաքննության փուլում, 23 գործ գտնվում է վարույթի փուլում, քրեակատարողական հիմնարկներում իր պատիժն է կրում 34 անձ. ՀՀ Ազգային ժողովում «Այլընտրանքային ծառայության օրենսդրական և իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով քննարկման շրջանակում նշեց ՀՀ արդարադատության նախարարը:

«Այլընտրանքային ծառայության մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի քննարկման հենց սկզբում նախարար Թովմասյանը հերքեց այն տեսակետը, թե միջազգային կազմակերությունների պարտավորեցմամբ են այս փոփոխությունները կատարվում:

«Դեռ 2003 թվականին ընդունված այլընտրանքային զինծառայության մասին օրենքը չի գործել և այն կարգավորումները, որոնք նախատեսված էին, իրականում առաջին մեկ-երկու տարվա ընթացքում ենք ունեցել, 2005-2006թթ-ից դրանք չեն գործել, որովհետև այն անձինք, որոնք պետք է անցնեին այլընտրանքային զինվորական ծառայություն, դրանից խուսափել են»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ առաջարկված նախագծով հստակ տարանջատում է դրվում այլընտրանքային զինվորական ծառայության և այլընտրանքային աշխատանքային ծառայության միջև:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, սակայն, նախագիծն ուշացած է. «Եթե ավելի վաղ լիներ, կկարողանայինք խուսափել բազմաթիվ խնդիրներից: Ազատազրկելով զինվորական ծառայությունից խուսափող ՀՀ քաղաքացիներին՝ նրանց սկսել ենք պահել մեր հարկատուների հաշվին, ինչպես նաև ծանրաբեռնել ենք քրեակատարողական հաստատություները, այն ինչ նրանց ներուժը կարելի էր ավելի լավ օգտգործել»,- ասաց Մարուքյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ էլ, եթե արտոնություններ սահմանվեն կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, ապա հետագայում հնարավոր է, որ նրանք այլ ոլորտներում ևս արտոնություններ պահանջեն. «Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար մարդիկ վաղ տարիքից կարող են սկսել ուսումնասիրել այդ կրոնական կազակերությունների ուսմունքը և քարոզչություն տակ ընկնել»,- նշեց նա:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» հասարակական կազմակերպության Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով, նախագծում անդրադարձ չկա այնպիսի դեպքերի, երբ քաղաքացին զորակոչվելուց հետո, ծառայության ընթացքում է հասկանում, որ իր կրոնական համոզմունքները հակասում են ծառայությանը: Չի նշվում նաև, թե որտեղ պետք է բողոքարկվի այլընտրանքային զինծառայության մասին դիմումը:

Մեկնաբանել