Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններ Ֆրանսիայում և Եգիպտոսում

Երեկ երեկոյան Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն. հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության անդամների, Ֆրանսիացի քաղաքապետերի և պետական պաշտոնյաների ուղեկցությամբ հազարավոր ֆրանսիացիների և ֆրանսահայերի՝ դեպի Հաղթանակի կամար կատարած հանդիսավոր քայլերթին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Մի քանի տասնյակ ծաղկեպսակներ են զետեղվել Ֆրանսիայի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Հայ առաքելական եկեղեցու, Ֆրանսիայի քաղաքների, Ֆրանսիայի հայկական, ասորական, կիպրական, քրդական, հունական, ինչպես նաև առաջադեմ թուրքական հասարակական կազմակերպությունների անունից:

Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի է ունեցել Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերին:

Նույն օրը 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Հոգևոր արարողությանը ներկա են  եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, ֆրանսիայի հայկական կառույցների և հոգևորականության ներկայացուցիչներ:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել նաև Մարսելում, Լիոնում, Նիսում, Վալանսում, Սենտ-Էթիենում, Գրենոբլում, Դեսինում, Ալֆորվիլում և Ֆրանսիայի մի քանի տասնյակ այլ բնակավայրերում գտնվող հայկական եկեղեցիներում:

Իսկ Եգիպտոսում` Կահիրեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ալեքսանդրիայի Սբ. Պողոս Պետրոս և Հելիոպոլսի  հայ կաթողիկե Սբ. Թերեզ եկեղեցիներում մատուցվել է սուրբ պատարագ և կատարվել են հոգեհանգստյան արարողություններ: Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համայնքային կազմակերպությունների ղեկավարների, եգիպտահայ համայնքի բազմաթիվ անդամների և դեսպանության աշխատակազմի ընկերակցությամբ ծաղկեպսակներ են զետեղել Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող խաչքարին:

Ներկաներն ունկնդրել են նաև Կահիրեի Ազգային Առաջորդարանի «Արաքս» երգչախմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Սբ. Թերեզ եկեղեցու սրահում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստա-վավերագրական ֆիլմ: