Գյուղ չկա, որ շան լակոտներ չլինեն. Աղվան Վարդանյան

Գյուղ չկա, որ շան լակոտներ չլինեն. նշեց Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ շտաբի պետ Աղվան Վարդանյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում՝ անդրադառնալով Գյումիում նախկին քաղաքապետի եղբորորդիների վարքագծին, ինչպես նաև ՀԱԿ անդամի և Ilur.am-ի լրագրողի նկատմամբ ՀՀԿ-ականների կատարած բռնություններին: Օրենքը շրջանցողներ մեջ, ըստ նրա, շատ են նաև «հարգելի պաշտոնյաների, հարգված մարդկանց զավակներ»: Աղվան Վարդանյանի խոսքով՝ նման ոչ-օրինական դաշտում գործողների շնորհիվ է գործող իշխանությունը կարողանում ձայներ հավաքել, այդ իսկ պատճառով նրանց չի կարողանում օրենքով պատժի ենթարկել:

Վարդանյանը հաղորդեց, որ ՀՅԴ-ն բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել, որոնց մասին ահազանգում է «առանց վիրավորելու, միայն փաստերով»: Ըստ նրա՝ օրերս մանկապարտեզներից մեկում երեխաներին տուն տանելու եկած ծնողները տեսել են նախասրահում բացված սեղան՝ առատ ոգելից ըմպելիքներով, որը նախատեսված է եղել նույն մանկապարտեզում տեղակայված ՀՀԿ-ի շտաբի անդամների «նիստի» համար: ՀՅԴ-ն նաև տեղեկություններ է ստացել, որ զինծառայողներին այս օրերին տրվում է կարճ արձակուրդ, սակայն փոխարենը «թաղային հեղինակություններից մեկը պիտի երաշխավորի, որ նրա ընտանիքի անդամների քանակով ձայներ պիտի բերի»: «Պաշտպանության նախարարությունը արդեն հերքել է այդ մի լուրը, բա պիտի հերքեր, բա հո չէ՞ր հաստատի,- ասաց նա:- Նայեք, ինչ է կատարվում մեր դպրոցներում, ինչ է կատարվում խանութներում ու սուպերմարկետներում՝ մարդկանց գրանցում են, հավաքագրում են… մարզերից մարդկանց բերում-գրանցում են Երևանում: Մեր մարզպետներից մեկը, որ շատ է սիրում գլուխգովալ, ասել է, որ 30 հազար ձայն է բերելու Տարոն Մարգարյանին»:

Աղվան Վարդանյանը խոսեց նաև քաղաքի բազմաթիվ խնդիրների մասին: «Բայց չգիտես ինչու այդ հարյուրավոր խնդիրները թողած համատիրությունները զբաղվում են ընտրություններով: Այնպես են անում, որ համատիրության տարածքը և շտաբը լինեն նույն տարածքում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Երևանը արդյունավետ չի կառավարվում, և Տարոն Մարգարյանն էլ լավ քաղաքապետ չէ: «Ինչքան մենք խորանում ենք մեր քաղաքապետարանի բյուջեի ծալքերի մեջ, այնքան հավաստիանում ենք, որ այն ամենամութ բյուջեն է: Օրինակ, մի թիվ են դնում, թե 40 հազար շուն կա, այդ թիվը մնում է նույնը, նույն տենդերը շահում է նույն մարդը, վերցնում է նույն փողը, ոչինչ չի անում: Նույնը հողերի աճուրդների համար»,- նշեց նա:

Աղվան Վարդանյանը կրկնեց, որ ՀՅԴ-ն պատրաստակամ է պատասխանել ներկայացված մեղադրանքների պատասխաններին, կամ բանավիճել իշխող կողմի ներկայացուցչի հետ եթերում, թեպետ փորձը ցույց է տալիս, որ «ցավոք, միշտ խուսափում են բանավեճերից»:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի