Հաշվարկել ենք՝ կարելի է բազմակի ավելացնել Երևանի բյուջեն. Ա.Համբարձումյան

Երևանի ավագանին իր լիազորությունները չի կատարել, և դրա արդյունքում Երևանի բյուջեն զգալի վնասներ է կրել. նշեց ՀՅԴ գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրի շրջանակում:

«Հողերի աճուրդները կատարվել են փակ ընթացակարգով: Փակ աճուրդներով հողերը վաճառվել, մեջ-մեջ են արվել,- ասաց նա:- Երևանը վատ է կառավարվել. նշենք թվեր. ըստ վիճակագրական տվյալների՝ Երևանի կենցաղային աղբն ամեն տարի կազմում է 200 հազար տոննա: Այս աղբի տեղադրման վճարները զրո են: Շատ հետաքրքիր մեխանիզմ է աշխատել: Երևանի աղբավայրի մասին երկար քննարկումներից հետո եկան ճապոնական ներդրողներ, այլ մարդիկ, բայց հարցը չլուծվեց, քանի որ ոմանց ձեռնտու է այս վիճակը: Ինչևէ, մենք հաշվարկել ենք, և բազմաթիվ ձևերով կարելի է բազմակի ավելացնել Երևանի բյուջեն»:

Համբարձումյանի դիտարկմամբ՝ միջոցներն անարդյունավետ են ծախսվում թե շինարարության ու նորոգման, թե կանաչապատման ծրագրերով: «Ես չգիտեմ, թե ով է խորհուրդ տվել, որ ներմուծեն հատկապես այս ծառատեսակները, բայց անզեն աչքով արդեն տեսանելի է, որ դրանք չորանում են, դրանք Երևանի բնակլիմայական պայմանների համար չեն»,- ասաց նա: Համբարձումյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն պատրաստվում է ներդնել բյուջեի կառավարման թափանցիկ, վերահսկվող համակարգ:

«Նաև՝ ստեղծելու ենք մունիցիպալ ոստիկանություն, ձևավորելու ենք սոցիալական բնակարանային ֆոնդ: Մյուսը՝ մտադիր ենք անձնագրավորել ողջ ֆոնդը, քանի որ դա անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչ ռեսուրսներ ունենք: Մտադիր ենք ստեղծել տարեցների սոցիալական կենտրոններ՝ նրանց ժամանցը, առողջապահական խնդիրները կազմակերպելու համար»,- նշեց նա՝ հավելելով, որ ևս մի քանի մտադրություններ կան, որոնց համար ևս հաշվարկված են անհրաժեշտ ռեսուրսները և դրանց ձեռքբերման հնարավորությունները:

«Ուզում եմ փաստարկել, թե ինչու է ընդդիմադիր քաղաքապետն ավելի լավ աշխատելու. ընդդիմադիր քաղաքապետը հարկադրված է լինելու լավ աշխատել, քանի որ նախ լինելու է իշխանության խոշորացույցի տակ: Երկրորդ. այն ուժերը, որ նրան սատարել են, ևս հսկելու են, որ նա լավ աշխատի: Եվ նաև՝ ինքն է շահագրգռված լինելու լավ աշխատել, քանի որ մի բան է քննադատելը, բոլորովին այլ բան է սեփական օրինակով ցույց տալ, որ կարելի է ավելի լավ կառավարել, ավելի լավ անել այդ գործը»,- ասաց նա:

Լուսանկարը՝ 168.am-ի

Մեկնաբանել