Տ.Սարգսյանն ընդունել է Եվրոպական Խորհրդի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Կառավարության ղեկավարը ողջունել է պատգամավորների այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը. տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր:

Պատասխանելով եվրոպացի պատգամավորների հարցին՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի լուծմանը և պատրաստ է հետևողական ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև սիրիահայության խնդիրներին և մեր երկրի կողմից վերջիններիս նկատմամբ ցուցաբերվող օժանադակությանն ու ծրագրերին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կարևորել են Հայաստան ներգաղթած սիրիահայությանը միջազգային կառույցների ու իրենց երկրների կառավարությունների կողմից օժանադակության ցուցաբերումը և պատրասատակամություն հայտնել՝ նպաստել այդ գործընթացին: