Կա՛մ խելքները գլուխները կհավաքեն, կա՛մ ես նրանց արտագաղթը կկազմակերպեմ. ոստիկանապետը՝ Գյումրիի կլանների մասին

«Կլանների ժամանակն անցավ, եկել է խաղաղության ժամանակը, եկել է այն ժամանակը, որ արյունով և զոռբայությամբ ոչինչ չի լուծվի: Եվ չենք հանդուրժելու, ոստիկանությունը այլևս չի հանդուրժելու»,- ապրիլի 25-ին Գյումրի կատարած այցի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով ապրիլի 23-ի Գյումրիի կրակոցներին: ԳԱԼԱ Հ/Ը-ի հաղորդմամբ՝ ոստիկանապետն ասել է. «Էստեղ Գյումրիում ունենք երկու, չեմ վախենում օգտագործել, կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, զոռբայություններով, ջարդուփշուր անելով՝ իրենցն են թելադրել, բայց չի լինի, այլևս ավարտվեց այդ դարաշրջանը: Զոռբայություն ՀՀ-ում չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվել, կհայտնվեն այնտեղ, որտեղ գնում են մարդիկ, որ զենքով և արյունով են լուծում խնդիրները»:

Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է այն մեկնաբանությանը, թե ինչու է ասել, որ գյումրեցիք գողական մտածելակերպ ունեն. «Էլի անդրադառնամ էդ գողական մտածելակերպին: Այս դեպքի հիմքում ընկած է մետաղաձողով գլխին հարվածելը: Մարդը գալիս հայտարարություն է տալիս՝ սառույցն ընկել է իմ գլխին: Մարդիկ չեն խոսում: Ոստիկանությունն էլ նախկինը չէ: Կարող են խոսել, եթե հին մեթոդներով լինի: Բայց էդ ժամանակ էլ պիտի ասեն՝ տարան ծեծեցին: Ես դեմ եմ ծեծին, որովհետև այդտեղ դու ավելի ցածրանում ես, քան թե հանցագործություն կատարողը, որովհետև դու ցույց ես տալիս, որ դու պրոֆեսիոնալ չես, այլ մսագործ ես»:

Ոստիկանապետն  ասել է, որ հասնելու է նրան, որ Գյումրիում բոլորը հանգիստ շնչեն, և փոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը:

«Կամ էս երկու կլանները խելքները գլուխները կհավաքեն, կապրեն հասարակությանը համահունչ, կամ չեն ապրի հասարակության մեջ. կապրեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն: Սա վերջնական է: Եվ կա բոլոր հնարավորություններն ու վճռականությունը»:

Հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանների աշխատանքը, երբ կրակոցները հնչել են Ոստիկանության Գյումրու բաժնից քիչ հեռու, և ոստիկանները հասել են միայն սպանությունից հետո, Գասպարյանը պատասխանել է.

«Նման որոշում կայացնող մարդիկ երկու ձևով են անում՝ կամ կանխամտածված, պլանավորված ձևով են անում, կամ հետապնդում և հարմար առիթ են գտնում: Ես կարծում եմ՝ այս դեպքը այն է, որ հետապնդել և հարմար առիթ է գտնվել: Էս դեպքում՝ 500 մետր, 400 մետր, կապ չունի: Ոստիկանության շենքը չի գնում դեպի վայր, ոստիկանության շենքը չի գնում հանցագործության բացահայտմամբ, այլ՝ ոստիկանները: Կրակոցները. ձեզ համար նորությո՞ւն է, որ Գյումրիում կրակոցներ կան: Ցավոք սրտի՝ ոչ: Ես զարմացած եմ, թվում է, թե էդ զոռբայության ժամանակը պետք է անցած լիներ: Բայց պարզվում է՝ մարդիկ շատ պինդ բռնվում են իրենց անցյալից, որ կարող են ոչինչ չանել և ուրիշին զենքով թելադրելով՝ իրենց կեցությունը ապահովեն: Չի՛ լինի այդպես, չի՛ լինի: Մենք ապահով երկիր ենք սարքելու: Ներքին ապահովության պատասխանատուն այս երկրի ես եմ և չեմ հանդուրժի»:

Հարցին, թե հնարավո՞ր է կրակոցները շարունակություն ունենան, ՀՀ ոստիկանապետը ասել է. «Ես համոզմունք ունեմ, որ նման դեպքերը շարունակություն են ունենում, երբ մենք չենք կանխում ի սկզբանե և չենք աշխատում: Նման պրակտիկան էլ չի աշխատելու: Բոլոր նրանք, ովքեր, էսպես ասած, թիմ են կազմում այս կամ այն կլանի, նրանք բոլորը մեր կողմից լինելու են հսկողության տակ: Ես գիտեմ, որ նրանց մեջ կան թմրանյութեր օգտագործողներ: Դրանց բոլորին հավաքելու և ստուգելու ենք… Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց հաշտվել, որ նրանց օրերը հաշված են: Ովքեր կասկածանքով են մտածում, կապրենք՝ կտեսնենք: Իսկ նրանց՝ այն երևույթներին, որ նույն ձևով են շարունակելու, խորհուրդ եմ տալիս, թե արտագաղթը նրանց համար կլինի, և այդ արտագաղթը ես կկազմակերպեմ նրանց համար»:

Galatv.am 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի: