Ավիափոխադրումների հայաստանյան շուկան չի հետաքրքրում ավիաընկերություններին

Հայաստանի օդային ուղևորափոխադրումների շուկան դե ֆակտո բաց է մոտ մեկ ամիս, ոչ մի ավիաընկերություն առայժմ ցանկություն չի հայտնել լրացնել «Արմավիայի» չվերթների դադարեցումից հետո առաջացած այս բացը։ Կառավարությունը նույնպես դեռ չի կողմնորոշվել՝ ինչ ճանապարհ է բռնելու ավիափոխադրումների հայաստանյան շուկան՝ գործելու է բացառիկ իրավունքով հայկական ընկերություն, թե շուկան ազատականացվելու է։

Երեկ լրագրողների հետ զրույցում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսեսյանը դժվարացավ նշել, թե վերջնականապես երբ պարզ կլինի՝ ինչ ճանապարհով է զարգանալու ավիափոխադրումների շուկան։
«Ամենաշահագրգիռ մարդը ես եմ, որպեսզի շատ արագ լուծումներ տրվեն։ Բայց նաև չեմ ուզում, որ լինի ընկերություն, որը ոչ ճիշտ կառավարման հետևանքով օրինակ երկու տարի հետո նորից սնանկացման եզրին կանգնի։ Սխալ լուծումներ տալու դեպքում կարող ենք ունենալ նույն իրավիճակը, ինչ «Արմավիայի» դեպքում, բայց ավելի արագ»,– ասաց Մովսեսյանը։

Անդրադառնալով ավիափոխադրումների շուկայի զարգացման հեռանկարներին՝ ՔԱԳՎ պետը նշեց, որ ոչ մի ընկերություն դեռևս չի դիմել շուկայում առաջացած բացը լրացնելու համար։ «Եվրոպական ավիաընկերությունների հետ ենք խոսել, բայց իրենց մոտ առկա է զգուշավորություն՝ այս դաշտ մտնելու հետ, քանի որ իրենք նույնպես եկամտաբերության հետ խնդիրներ ունեն սեփական օդուղիներում»,– ասաց Մովսեսյանը՝ հավելելով, թե առկա է թյուր կարծիք, որ ավիացիան բավական հարուստ ոլորտ է, և հնարավոր է լուրջ միջոցներ վաստակել։ «Իրականում ավիացիոն փոխադրումները ռիսկային են։ Եվրոպական շատ հայտնի ընկերություններ, որոնք բարձրակարգ սպասարկում են ապահովում, տարին կարող է վնասով փակեն»,– նշեց ՔԱԳՎ պետը։ Նրա խոսքով՝ այդ ընկերություններից շատերում պետությունը բաժնեմաս ունի և վնասի դեպքում որոշակի պարտավորություններ է կրում։ Հայաստանի դեպքում պետությունը պարտավորություններ չի կրում։

Հարցին, թե պետության ներկայիս դիրքորոշումը չի ենթադրում արդյոք, որ ավիափոխադրումների շուկայում պետական մասնակցությամբ ընկերություն չի լինելու, Մովսեսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պետական մասնակցությունը կառավարման տեսակետից կարող է և արդյունավետ չլինել։ Ավելի լավ է ձգտենք, որ լինի ամբողջովին մասնավոր ընկերություն»։

Անդրադառնալով դիտարկմանը, թե միջազգային կառույցները Հայաստանին ստիպում են ազատականացնել ավիացիոն շուկան, ՔԱԳՎ պետը նշեց, որ ավիափոխադրումների շուկայում իսկապես պետք է ունենալ մրցակցային դաշտ, քանի որ բացառիկ մենաշնորհային իրավունքները բերում են սպասարկման որակի անկման ու ոչ ճկուն գնային քաղաքականության. արդյունքում ուղևորները հրաժարվում են օգտվել այդ ընկերության ծառայություններից։ «Մենք պետք է ունենանք մրցակցություն, բայց նաև պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական իրավիճակն ու մեր հարևանների քաղաքականությունը, որն այսօր ունենք, և այս ամենը հաշվի առնելով՝ պետք է խրախուսենք հայկական ավիափոխադրող ունենալը»,– ասաց Մովսեսյանը։

Հարցին, թե «Արմավիան» ինչու առ այսօր դատարան սնանկացման դիմում չի ներկայացնում, Մովսեսյանը խորհուրդ տվեց պարզել ավիաընկերությունից։ «Ես էլ չգիտեմ՝ ինչու չի դիմում դատարան, բայց պարտատերերը նույնպես չեմ դիմում։ Երևի նրանք բանակցում են՝ պարտքերի մարման լուծումներ գտնելու համար»,– ասաց Մովսեսյանը։

Մարտի 29-ին «Արմավիա» ավիափոխադրողը հայտարարեց, որ ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները և սկսում սնանկացման գործընթաց։ Որոշումն անսպասելի էր, քանի այս տարվա ապրիլի 22-ին ավարտվում էր ՀՀ կառավարության, «Սիբիր ավիաուղիներ» և «Արմավիա» ընկերությունների միջև 2003թ. մարտի 14-ին ստորագրած պայմանագիրը, որը որոշ ավիաուղղություններով ու 10 տարի ժամկետով օդային ուղևորափոխադրումների բացառիկ իրավունք էր վերապահում հայկական ավիաընկերությանը։

Տարբեր հաշվարկներով՝ միայն տնտեսավարողներին «Արմիավիայի» պարտքը Հայաստանում կազմում է $30 մլն, որից $20 մլն-ը՝ բանկային համակարգին։ Բացի այդ՝ ընկերությունը կուտակել է 6 ամսվա աշխատավարձի պարտք, իսկ 2009-ից «օդի տուրքի» գծով (ուղևորներից գանձվող Դ10 հազ.) պետբյուջեին պարտք է մոտ $40 մլն։