Հինգցենտանոցն աճուրդում վաճառվել է 3,1 մլն դոլարով

Ամենահազվագյուտ ամերիկյան մետաղադրամներից մեկը՝ 1913թ. թողարկման հինգցենտանոց Liberty Head-ը, աճուրդում վաճառվել է 3,1 մլն դոլարով:

Մետաղադրամը մեծ արժեք ունի նումիզմատների համար, քանի որ հայտնի է այդ մետաղադրամի միայն հինգ օրինակի գոյության մասին: Հինգցենտանոցներն ապօրինաբար հատվել են 1913թ.՝ այն բանից հետո, երբ մետաղադրամի թողարկումը պաշտոնապես արգելվել էր:

Աճուրդում վաճառված «լիբերթին» ունի արտասովոր պատմություն: Հավաքորդ Ջորջ Ուոլթոնն այն գնել էր 1941թ. 3,7 հազ. դոլարով: 1962թ. Ուոլթոնը զոհվել է ավտովթարում.մեքենայի մեջ հայտնաբերված մետաղադրամը զոհվածի մյուս իրերի հետ միասին փոխանցվել է նրա հարազատներին: Ջորջ Ուոլթոնի հարազատները մեծ նշանակություն չեն տվել նրա հավաքածուին, և հինգցենտանոցը ավելի քան 40 տարի հին իրերի հետ մնացել է պահարանում: 

Տեղեկանալով, որ ԱՄՆ նումիզմատական ասոցիացիան փնտրում է բացառիկ այդ մետաղադրամը, «լիբերթիի» տերերը որոշել են այն վաճառել: Նմուշի նոր տերեր նումիզմատներ Ջեֆ Գարեթն ու Լերի Լիին գոհ են ձեռնտու այս գործարքից: