Նոր մանրամասներ Գյումրիի ապրիլի 23-ի սպանության դեպքից

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների  շնորհիվ ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 1995թ. ծնված Գևորգ Խաչատրյանը և ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և  փամփուշտատուփ` լիցքավորված  5,45 տրամաչափի 14 փամփուշտով, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Գ. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքն  ապրիլի 23-ին Շիրակացի փողոցի թիվ 54/Բ շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե  Ղուկասյանին, որը փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածքներ է պատճառել իր հորը` Հարություն  Խաչատրյանին:

Գ. Խաչատրյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: