Բուրջանաձեի կարծիքով՝ Սաակաշվիլին վախենում է իրենից

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեղյակ  է, որ երկրին վնասող իր բոլոր քայլերի համար պետք է պատասխան տա, և «Ժողովրդավարական շարժումն» այն ուժն է, որը թույլ չի տա  նրան անպատիժ մնալ, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»: 

Բուրջանաձեի խոսքով՝ հենց այդ հանգամանքով ու վախով  է պայմանավորված Սաակաշվիլիի՝ Վախթանգ Կոլբայայի թեկնածությունը  Աբխազիայի վարչապետի պաշտոնում չհաստատելու որոշումը: Բուրջանաձեի խոսքով՝ Սաակաշվիլին՝  եթե կարծում է, որ երկրում հակապետական ուժ է գործում, չպետք  է թույլ տա դրա գոյությունը:

Սաակաշվիլին Աբխազիայի գերագույն խորհրդի նախագահին ուղղված նամակում նշել էր, որ նպատակահարմար չի համարում իր համաձայնությունը տալ Կոբայայի նշանակմանը, քանի որ «վերջինս այս մի քանի տարիների ընթացքում եղել  է քաղաքական շարժման առաջնորդ, որը վնասել  է Վրաստանի ազգային շահերին և կապված  է եղել Աբխազիան օկուպացրած ու 2008-ի պատերազմը սանձազերծած ուժի հետ»: