Կայացել է ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջպետական հանձնաժողովի նիստը

2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրվել և ՀՀ նախագահի 2012թ. դեկտեմբերի 14-ի ՆՀ-304-Ն հրամանագրով ուժի մեջ է մտել  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրությունը։ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի վերակազմակերպման հետ կապված նախատեսվում է հայկական կողմին փոխանցել որոշ հողատարածքներ և անշարժ գույք, հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Վերոնշյալ հողատարածքներն ու անշարժ գույքը հայկական կողմին հանձնելու նպատակով ապրիլի 24-ից 26-ը Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստ, որի հայկական մասի կազմը հաստատվել է ՀՀ նախագահի` 2013թ. ապրիլի 16-ի ՆՀ-68-Ա հրամանագրով: Հայաստանի Հանրապետություն այցելած ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի օպտիմիզացմանը և արդիականացմանը վերաբերող հարցեր:

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստն անցել է աշխատանքային և ընկերական մթնոլորտում, որի ընթացում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012թ. հոկտեմբերի 3-ի արձանագրությամբ նախատեսված հողատարածքների և անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստի արձանագրությունը: