Գնալով ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը. Վ. Սողոմոնյան

Արդեն մի քանի օր է` մամուլում լուր է շրջանառվում, թե ռուսական հակակոռուպցիոն ինչ-որ ՀԿ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել ՌԴ դատախազություն, հաղորդում է 2rd.am-ը, որն այս կապակցությամբ դիմել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` պարզաբանումներ տալու խնդրանքով: Վերջինիս պատասխանը ներկայացված է ստորև:

Ես միայն նախօրեին եմ ծանոթացել այդ «ցնցող» լուրին: Անկեղծ ասած, մինչև հիմա էլ չգիտեմ. արդյո՞ք արժե արձագանքել դրան, որովետև այս աստիճանի հիմարության հազվադեպ կարելի է հանդիպել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը՝ ակամա ծիծաղում ես: Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ որևէ քաղաքացի այսպես կոչված «ստացման հաստատումով» նամակ գրի ՀՀ դատախազությանը՝ պահանջելով գործ հարուցել որևէ այլ պետության նախկին նախագահի, ասենք՝ Ջորջ Բուշի դեմ: Հետո, երբ նրան փոստով կառաքեն ստացման հաստատումը, հայտարարի, թե Բուշի գործերը քննվում են ՀՀ դատախազությունում: Ես հոգեբույժ չեմ, և կարող եմ միայն ենթադրել, թե ինչ է կատարվում այդ քաղաքացու գլխում: Ցավոք, նույնը վերաբերվում է այն սակավաթիվ լրագրողներին և քաղաքական գործիչներին, որոնք ամենայն լրջությամբ վերլուծում են այս լուրը ու հանգում «ցնցող» եզրակացությունների:

Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ այսպես կոչված «կոմպրոմատի» երկար տարիներ տևող անարդյունք փնտրտուքը ստիպում է ոմանց պրիմիտիվ հնարքներ բանեցնել ու նման տխմարություններ հորինել: Ցավալի է սակայն, որ մեզանում գնալով ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը:

Մեկնաբանել