Հայաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն համագործակցել կեսաբանական պաթոգենների չեզոքացման ուղղությամբ

Լուսանկարը` minagro.am-ի

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ապրիլի 26-ին ընդունել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական վտանգների նվազեցման  գործակալության վտանգների համատեղ նվազեցման ծրագրի պատվիրակությանը` ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի գլխավորությամբ, հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից:

Պատվիրակությունը Երևանում է ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության համագործակցությամբ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի շրջանակում Հայաստանում կենսաբանական ոլորտում իրականացվող համագործակցային ծրագրի առաջին փուլի ավարտի և երկրորդ փուլի աշխատանքներն սկսելու կապակցությամբ:

Կարևորելով ծրագրի նշանակությունը Հայաստանում վտանգավոր կենսաբանական պաթոգենների հայտնաբերման ու չեզոքացման ուղղությամբ` Սերգո Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանում մարդկանց և կենդանիների հիվանդությունների կանխարգելման և վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին օժանդակելու համար: Նա հատուկ անդրադարձել է Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի ծրագրին, որի անհրաժեշտությունը տարածաշրջանային մյուս երկրների համար նույնպես անգնահատելի է:

Առանձնակի շեշտվել են ծրագրի այն բաղադրիչները, որոնցով նախատեսվում է ստեղծել հետազոտական ժամանակակից լաբորատոր կենտրոն` իր մարզային մասնաճյուղերով, ինչպես նաև տեղական մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Էլիզաբեթ Ջորջը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հակիրճ ներկայացրել է այցի ընթացքում  կայացած հանդիպումների արդյունքները և գոհունակությամբ նշել, որ արդեն տեսանելի է որոշակի առաջընթաց ծրագրի իրականացման գործում: Նա հատկապես դրական է գնահատել մասնագետների վերապատրաստման կազմակերպման գործում ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը:

Կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են այս կարևոր ծրագրի իրականացման գործին ըստ ամենայնի աջակցելու իրենց պատրաստակամությունը: