Ռուսական 1000 խմ գազի մաքսային արժեքը կազմել է $247

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ներկրված 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը անցած տարվա չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է $7-ով կամ մոտ 3%-ով, անցած տարվա համեմատ՝ բարձրացել $14,6-ով կամ 6,2%-ով։

ՊԵԿ-ի «ՀՀ արտաքին առևտուրն երկիր-ապրանք կտրվածքով (2012-2013 թթ. առաջին եռամսյակ)» հրապարակման համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից ներկրվել է 746,5 մլն խմ բնական գազ՝ $184,4 մլն ընդհանուր մաքսային արժեքով։ Ստացվում է, որ 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է $247, այն դեպքում երբ անցած տարվա չորրորդ եռամսյակում այն $254/1000 խմ էր, 2012-ի կտրվածքով՝ $232,4/1000 խմ։

Գազի հարկումը կատարվում է ոչ թե սահմանին, այլ ներքին շուկայում, և ՊԵԿ-ին գազի ներկրված ծավալների և արժեքի մասին տվյալները տրամադրում է էներգետիկայի նախարարությունը՝ օգտվելով «ՀայՌուսգազարդի» տվյալներից։

ՊԵԿ-ի հրապարակումներից պարզ երևում է, որ եթե նախկինում Հայաստանի համար գազի գինն ամրագրվում էր տարեկան կտրվածքով, ապա 2012-ից Հայաստանն ամբողջովին անցել է գնագոյացման եռամսյակային սխեմայի՝ ինչպես և «Գազպրոմի» մյուս գործընկերները։ Ռուսական ընկերությունը առաքվող գազի գինը սահմանում է հաշվի առնելով համաշխարհային շուկայում նավթամթերքի գները՝ ժամանակային որոշակի լագով, նաև տվյալ երկրի համար ուղղիչ գործակիցը։

Թեև բոլոր տվյալները խոսում են գազի գնի փոփոխության օգտին, Հայաստանի իշխանությունները շարունակում են գաղտնի պահել թանկացման փաստը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը, «Գազպրոմի» թոփ մենեջմենթը անընդհատ նշում են, որ շարունակվում են բանակցությունները գազի գնի շուրջ։

Գազի գնի փոփոխության փաստը գաղտնի պահելու հիմնական պատճառն այն է, որ կառավարությունը, հաշվի առնելով ընտրական գործընթացները երկրում, ներքին սպառողի համար սուբսիդավորում է գազ սակագինը։ Ձեռքբերման և վերջնական սպառողի համար գների միջև տարբերությունը գործադիրը վճարելու է «ՀայՌուսգազարդում» իր 20% մասնաբաժնի մի մասը «Գազպրոմին» փոխանցելու ճանապարհով։

ՍիվիլՆեթ-ի տեղեկություններով՝ սուբսիդավորման շարունակման դեպքում իշխանությունները Ռուսաստանին կարող են փոխանցել նաև էներգետիկ հայկական հերթական ակտիվը։ Կողերի միջև գազի գնի շուրջ բանակցությունների օրակարգում քննարկվել է Որոտանի հէկերի համալիրի վաճառքի հարցը։

Թե որքան ժամանակ իշխանությունները կկարողանան հերքել անհերքելին և սուբսիդավորել գազի սակագինը, պարզ չէ։ Ուշագրավ է, որ գազի նույնիսկ այսօրվա գնի պայմաններում բնակչությունը շարունակում է կրճատել սպառումը։ Այս տարվա առաջին եռամսյակում բնակչության կողմից գազի սպառման ծավալները նվազել են 13,6%-ով։ Սա այն դեպքում, երբ բնակչություն համար սահմանված Դ132 հազ./1000 խմ սակագնի հիմքում դրված է ձեռքբերման $180/1000 խմ գինը։

Մոտավոր հաշվարկներով՝ $247/1000 խմ գնի պայմաններում բնակչության համար գազի սակագինը, միայն թանկացման գործոնով պայմանավորված, պետք է բարձրացած լիներ մինչև Դ162, իսկ խոշոր սպառողները 1000 խմ-ի համար ներկայիս $243,13-ի փոխարեն պետք է վճարեին $313։ Խոշոր սպառողների համար ստացվում է գազի մոտ 30% թանկացում, ինչը տնտեսության համար հղի է ծանր հետևանքներով։ Վերջերս Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի և ֆինանսների կոմիտեի հերթական նիստին «ՀայՌուսգազարդի» ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Մովսեսյանը հայտարարել էր, թե գազի գնի 10-15% բարձրացումը կործանարար կլինի հայկական տնտեսության մի շարք ոլորտների համար։