Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը. ԶԼՄ-ներ

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին լքել է Ադրբեջանը, հաղորդում է ադրբեջանական haqqin.az-ը ՝ վկայակոչելով գրողի որդուն: Վերջինիս խոսքով՝ իր հայրը արդեն մի քանի օր է՝ տանը չէ: Նա՝ մյուս կողմից՝ հոր գտնվելու վայրը չի հստակեցրել:

Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գրողի բջջային և քաղաքային հեռախոսահամարները չեն պատասխանում: Չի բացառվում, որ Այլիսլին արտերկիր մեկնած լինի քաղաքական ապաստան ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ Այլիսլիի՝ ռուսական «Դրուժբա նարոդով» գրական հանդեսում հրապարակված «Քարե երազներ» աշխատությունը մեծ աղմուկ է բարձրացրել ինչպես Ադրբեջանում և Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Գրքում զուգահեռներ են տարվում ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Ագուլիս բնակավայրում 1919թ. հայերի նկատմամբ ադրբեջանցիների կիրառած բռնությունների և Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի միջև: Ագուլիսցի հեղինակը (Այլիսլի-Ագուլիս բառի թուրքական տարբերակն է-ՍիվիլՆեթ) ընդհանուր առմամբ ներկայացնում է Ագուլիսի հայերի կյանքը և գիրքը նվիրում իր հայ համերկրացիների հիշատակին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից և նախագահի կողմից հատկացվող անձնական թոշակից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել:

Մեկնաբանել