Ապրիլի 26-ին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Քոլին Ռոբերթսին, հաղորդում են ԱԺ մամուլի ծառայությունից :
ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցում կարևորվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար կարևոր ուղղությունները:
ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ անցած հինգ տարիների ընթացքում իշխանության հիմնական ջանքերն ուղղված են եղել քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, երկրում հանդուրժողականության մեծացմանը և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը: Հերմինե Նաղդալյանը նկատել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ևս մեծ վնասներ է հասցրել Հայաստանին: Նշվել է, որ գալիք տարիներին իշխանության ջանքներն ուղղվելու են տնտեսական աճի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի վերացմանը և այլ ոլորտների:
Անդրադառնալով երկու երկրների միջև կապերին՝ ԱԺ փոխնախագահը նկատել է, որ վերջին շրջանում Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները նոր թափ են ստացել, ինչի մասին վկայում են ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, ՀՀ ԱԳ նախարարի և բրիտանական կողմից բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը:
Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Ըստ փոխնախագահի՝ ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունը լայն շրջանակ է բացում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման համար:
«Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունը Հայաստանում ընթացող տնտեսական և ժողովրդական բարեփոխումներին»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Խոսելով Հայաստանի տնտեսական առաջընթացից՝ Հերմինե Նաղդալյանը կարևորել է բրիտանական ընկերությունների կողմից իրականացվող մի շարք ծրագրերի իրագործումը Հայաստանում և իր երախտագիտությունը հայտնեց բազմաթիվ ոլորտներում բրիտանական աջակցության համար: Նշվել է, որ Հայաստանում մեծ հեղինակություն է վայելում հատկապես «Բրիտանական խորհուրդը»՝ իրականացնելով կրթական և մշակութային ծրագրեր: ԱԺ փոխնախագահը կարևոր է համարել նաև քաղաքական դաշտում կանանց ակտիվության ապահովման գործում խորհրդի ցուցաբերած աջակցությունը:
Կողմերը կարևորել են նաև համագործակցությունը Եվրոպական Միության հետ հարաբերությունների ձևաչափում: Բրիտանացի պաշտոնյան կարևորել է Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Հայաստանի կողմից կատարվելիք քայլերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանին այդ գործընթացներում: