Քաղաքական մենաշնորհի վերացումը թույլ կտա ազատվել տնտեսական մենաշնորհից. Օսկանյան

Այսօր քաղաքական մենաշնորհը դարձել է մեր ժողովրդի պատուհասը: Ապրիլի 26-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի նախկին արտգործնախարար, Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ պետք է թույլ չտալ, որ տնտեսական մենաշնորհը ապահովի քաղաքական մենաշնորհի պահպանումը:

«Եթե կարողանանք հասնել քաղաքական մենաշնորհի վերացմանը, ապա կարող ենք ազատվել նաև տնտեսական մենաշնորհից»,- ասաց Օսկանյանը:

Նրա խոսքով` իրենց խնդիրը պետք է լինի իսկական կոալիցիաներ ձևավորելը և թույլ չտալը որևէ քաղաքական ուժի` բացարձակ մեծամասնություն ունենալը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի` ընդդիմություն դառնալու անհրաժեշտության մասին իր առաջարկին՝ Օսկանյանը նշեց, որ այդ հայտարարության պատճառը քաղաքական դաշտի անառողջ լինելն է:

«Այսօր ընդդիմություն հասկացողությունը պետք է վերաիմաստավորվի, և նույն խնդիրը կա իշխանության հետ. երկուսն էլ այսօր հասարակության ընկալման մեջ աղավաղված են և սովետական շրջանի ընկալումներ են»,- ասաց նախկին արտգործնախարարը՝ նշելով, որ ընդդիմությունն ընդդիմադիր դիրքերից հանդես գալը և միաժամանակ դիրքն իշխանության հետ համաձայնեցնելը չէ, մյուս կողմից` իշխանության հետ բոլոր հնարավոր դռները փակելն ու մերժելն էլ չէ:

«Ընդդիմություն կամ այլընտրանք համարվելով դու պետք է անընդհատ մրցակցության մեջ լինելով իշխանության հետ` կարողանաս նաև համագործակցել իշխանության հետ՝ ըստ կարիքի»,- ասաց Օսկանյանը՝ հավելելով, որ այսօր իշխանություն և պետություն հասկացությունները միախառնվել են, և իշխանությունն իրեն պետություն է զգում, ինչը, ԲՀԿ ներկայացուցչի խոսքով, սխալ է: Ըստ Օսկանյանի՝ իշխանությունը ժամանակավոր է, սակայն պետությունները մշտական են, և այսօր իշխանությունը պետական կառույցներն օգտագործում է իր վերարտադրման, ընդդիմությանը կամ այլախոհությունը ճնշելու համար:

Հարցին, թե ինչու այժմ ԲՀԿ-ն չի հայտարարում ընդդիմություն դառնալու մասին՝ Օսկանյանը նշեց, որ խորհրդարանի կանոնադրությունը թույլ չի տալիս դա այժմ անել և ըստ կանոնադրության՝ նրանք պետք է սպասեն աշնանային նստաշրջանին:

Հարցին, թե արդյոք մայիսի 5-ի ընտրությունները քաղաքական ընտրություններ են, Օսկանյանը նշեց, որ ժողովրդի մտածողության մեջ տեղաշարժ կա: Ըստ նրա՝ բոլորի համար փոփոխության հրամայական կա, և մայիսի 5-ը դիտարկվում է քաղաքական ընտրություն, որի մեջ հասարակությունը տեսնում է խնդիրների լուծում:

«Ժողովուրդը հասկանում է, որ եթե թաղապետարանի գործունեությունը ստանձնեն ոչ իշխանական ուժերը, ապա երկրում փոփոխությունների սկիզբ կդրվի»,- ասաց Օսկանյանը:

Նախկին արտգործնախարարը նշեց, որ ԲՀԿ-ն ավագանու ընտրություններից հետո պատրաստ է համագործակցել ցանկացած ոչ իշխանական ուժի հետ:

«Մենք պատրաստվում ենք ժողովրդի առաջ ծառացած խնդիրներին լուծում տալ: Նրանց պահանջները մեծ բան չեն, և մեր բյուջեով հնարավոր է դա անել»,- ասաց Օսկանյանը:

Մեկնաբանել