Քննարկվել է «Տեսչական ծառայության մասին» օրենքի նախագիծը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի իններորդ նիստը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Համաձայն հաստատված օրակարգի` ներկայացվել և հավանության են արժանացել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թվով 6, էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության թվով 19, առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային պետական տեսչության թվով 12 և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի թվով 2 ստուգաթերթերը, ինչպես նաև ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը:

Մեկ այլ հարցով քննարկվել է «Տեսչական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը տեսչական համակարգի օպտիմալացումն է և արդյունավետության բարձրացումը: Նշվել է, որ օրենքի նախագծի քննարկվող տարբերակում ամփոփված են մի շարք գերատեսչությունների առաջարկությունները: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտողություններն են հայտնել փաստաթղթի ընդունման նպատակահարմարության վերաբերյալ: Ամփոփելով կառավարության ղեկավարը նշել է, որ օրենքն ուղղված է նախարարություն-տեսչություն համագործակցության շղթայի ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորմանը և պատասխանատվության հստակեցմանը:

Նիստում արծարծվել է նաև ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի թիվ 594-Ա` «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» որոշման մեջ փոփոխությունների կատարման հարցը:

Մեկնաբանել