Խոշորներն ավելացրել են հարկերը

Ընթացիկ տարվա հունվար-մարտին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ Դ146,3 մլրդ-ի հարկեր, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է Դ24,7 մլրդ-ով կամ 20,3%-ով։

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «2013թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների» ցանկի համաձայն՝ խոշոր հարկատուների վճարած անուղղակի հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ) ծավալը հունվար-մարտին կազմել է Դ79,55 մլրդ, ինչը 2012թ. առաջին եռամսյակի համեմատ ավելի է Դ9,6 մլրդ-ով կամ 13,7%-ով։ Ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտային հարկ) ավելացել են 61%-ով կամ Դ17,5 մլրդ-ով՝ կազմելով Դ46 մլրդ։

Ուղղակի հարկերի ծավալի կտրուկ աճն իրականում օրենսդրական փոփոխության արդյունք է։ Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքով միավորվել են նախկինում գործատուի և աշխատակցի կողմից վճարվող պարտադիր սոցվճարներն ու եկամտահարկը. արդյունքում ներկայում վճարվում է միասնական եկամտային հարկ։ Եվ եթե հաշվի առնենք, որ անցած տարվա առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից վճարվել է Դ14,8 մլրդ-ի պարտադիր սոցվճար, ապա այս տարի խոշոր հարկատուների կողմից վճարած ուղղակի հարկերն ավելացել են Դ2,7 մլրդ-ով կամ ընդամենը 10%-ով։

Բացի այդ՝ եթե 2012թ. առաջին եռամսյակի ընդհանուր հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 23,5%, ապա այս տարվա առաջին եռամսյակում, շնորհիվ օրենսդրական փոփոխության, ցուցանիշը կազմել է արդեն 31,5%։ Ընդհանուր հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժնի ցուցանիշը կարևոր է այնքանով, որքանով այն վճարում է տնտեսվարողը։ Անուղղակի հարկերը վճարում է վերջնական սպառողը։

Այս տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է «ՀայՌուսգազարդը»՝ վճարելով Դ13,27 մլրդ, ինչը 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ Դ1,3 մլրդ-ով կամ 10,5%-ով։ Գազի իրացման ծավալների 1%-ով կրճատման պայմաններում վճարված հարկերի ծավալի աճը պայմանավորված է նրանով, որ այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը ռուսական գազը ձեռք է բերել $247/1000 խմ գնով, անցած տարվա նույն ժամանակահատվածի $220/1000 խմ-ի համեմատ։

Ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ վճարած Դ3,8 մլրդ հարկերով։ Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության վճարած հարկերի ծավալը կրճատվել է Դ100 մլն-ով կամ 2,6%-ով։ Հարկերը նվազել են անուղղակի հարկերի հաշվին (կրճատվել է 5%-ով), իսկ ահա ուղղակի հարկերն ավելացել են 41%-ով։ Անգամ այս պայմաններում ուղղակի հարկերի մասնաբաժինը վճարած ընդհանուր հարկերում աննշան է՝ 11%։

Երրորդ հորիզոնականում «Ղ-Տելեկոմն» է՝ Դ3,8 մլրդ-ով։ Հեռահաղորդակցային ընկերության վճարած հարկերի ծավալն ավելացել է մոտ Դ1 մլրդ-ով կամ 37%-ով։

Ցանկում չորրորդը «ԱրմենՏելն» է՝ Դ3,7 մլրդ-ով։ Ընկերության վճարած հարկերի ծավալն ավելացել է Դ1,7 մլրդ-ով կամ 85%-ով, ինչը, ինչպես և «Ղ-Տելեկոմի» դեպքում, պայմանավորված է միասնական եկամտային հարկի ներդրմամբ։

Ուշագրավ է, որ հինգերորդ հորիզոնականը զբաղեցրած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերի ծավալը կրճատվել է մոտ Դ1,8 մլրդ-ով կամ 34%-ով՝ կազմելով Դ3,44 մլրդ։ Հանքարդյունաբերական ընկերության հարկերի կրճատումը մասամբ է պայմանավորված համաշխարհային շուկայում մետաղների գների անկումով։ Վճարած հարկատեսակների ծավալից երևում է, որ անցյալ տարի ընկերությունը կատարել է կանխավճարներ և այս եռամսյակում պարզապես «մաշեցրել» է դրանք։

Ցանկում վեցերորդ հորիզոնականը զբաղեցրել է նավթամթերքի շուկայի խոշոր խաղորդ «Ֆլեշը» (վճարել է Դ2,74 մլրդ)։ Անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության հարկերն ավելացել են Դ345 մլն-ով։ Վառելիքի շուկայում պահանջարկի կրճատման պայմաններում վճարված հարկերի ծավալի աճը պայմանավորված է մի կողմից եկամտային հարկով, մյուս կողմից՝ կառավարության կողմից գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորվող դիզվառելիքի մատակարարումը «Ֆլեշին» պատվիրելով։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ցանկում յոթերորդն է՝ Դ2,55 մլրդ-ով։ Վճարված հարկերի ծավալն ավելացել է Դ765 մլն-ով, ինչը գերակշիռ մասով եկամտային հարկի ներդրման արդյունք է։

Ցանկի ութերորդ հորիզոնականում «Սամ-Սեր գրուպն» է՝ կրկին Դ2,55 մլրդ-ով։ Ընկերության վճարած հարկերի ծավալն անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 16,4 անգամ։ «Սամ-Սեր գրուպը» անցած տարվա տվյալներով զբաղվել է գոմեշի մսի ներկրմամբ (մասնաբաժինը շուկայում՝ 13,05%)։ Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության հիմնադիրներն են Սերգեյ Պաշկոն և Վիկտոր Մանուկյանը։ Ընկերության անունը, սակայն, հուշում է, որ այն կարող է փոխկապակցված լինել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։

Իններորդ հորիզոնականը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը։ Վերջինիս վճարած Դ2 մլրդ հարկերի ծավալը կրճատվել է 239 մլն-ով կամ 10%-ով։

Տասնյակը եզրափակում է «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը վճարել է Դ1,87 մլրդ-ի հարկեր։ Այն 2012թ. առաջին եռամսյակի համեմատ ավելի Դ210 մլն-ով կամ 12,6%-ով։

Մեկնաբանել