Բռնության ենթարկված լրագրողին տրվել է դատաբժշկի ուղեգիր

Ապրիլի 23-ին Երևանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում www.ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն էր կատարվում. հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Ապրիլի 25-ին նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:

Այսօր՝ ապրիլի 26-ին, նույն քննչական բաժին են հրավիրվել Հակոբ Կ.-ն և Աշոտ Պ.-ն, որոնցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել:

Հակոբ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին «Ilur.am» կայքի արտահաստիքային լրագրող Հակոբ Կ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հանդիպում, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել, այդ ընթացքում ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, իսկ իր կողմից ճշտված տվյալներով` Աշոտ Պ.-ն բռունցքով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:

Միջադեպի վայրում եղած, սակայն անհրաժեշտ գործողություններով միջադեպին չմիջամտած և բռնությունը չկանխած ոստիկանի և նրա վերադասի նկատմամբ ոստիկանապետի որոշմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: