Այս համաժողովը ոչ միայն Հայրենիք-Սփյուռք, այլև Սփյուռք-Սփյուռք կապերն է ամրապնդում. մասնակիցներ

Այսօր ամփոփվել են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի աշխատանքների արդյունքները. տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից: Ամփոփիչ ասուլիսին ներկա են եղել նաև համաժողովին մասնակից սփյուռքահայ երիտասարդները: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ.Ջիլավյանը հաջողված է համարել համաժողովի ընթացքը, քանի որ այն կատարել է իր առաքելությունը և ծառայել իր նպատակին: Համաժողովն անցկացվել է Երևանում ապրիլի 22-25՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը թվերի տեսքով ներկայացրել է համաժողովի արդյունքները: Համաժողովին մասնակցել է շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից, որոնցից 200-ը Սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող հայ երիտասարդներն են: Համաժողովին հնչել է մոտ 50 ելույթ, թեմատիկ նիստերին՝ մոտ 75 ելույթ: Համաժողովի աշխատանքներն ընթացել են 3 թեմատիկ նիստերով՝ նվիրված լեզվամշակութային, երիտասարդության հիմնախնդիրներին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անցկացվող միջոցառումների քննարկմանը:

Սփյուռքից ժամանած հայ երիտասարդների համար համաժողովի ընթացքում անցկացվել է ազգային պարի դաս, մասնակիցների համար կազմակերպվեց «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Համաժողովի երկրորդ օրը թեմատիկ նիստերից հետո երիտասարդները մասնակցել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ջահերով երթին, ծաղիկներ դրել անմար կրակի շուրջ՝ մասնակցելով Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող Սփյուռքի այգում  մասնակցել ծառատունկի:

Ա.Մխիթարյանը տեղեկացրել է, որ համաժողովի ծրագրի շրջանակներում սփյուռքահայ երիտասարդները այցելել են ՀՀ Ազգային ժողով և կառավարություն, որտեղ հնարավորություն են ունեցել Հայաստանի իշխանությունների առջև բարձրացնելու ազգային նշանակության և Սփյուռքին հետաքրքրող հարցեր: Համաժողովի աշխատանքների ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որում հնչում է կոչ՝ սովորելու, խոսելու և տարածելու հայերենը՝ որպես Հայրենիքի և Սփյուռքի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման կարևորագույն նախապայման: Համաժողովն անցկացվել է Հայաստանում գործող շուրջ 20 երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

Համաժողովի աշխատանքներից զատ հնչած առաջարկների շուրջ երիտասարդների հետ կլոր սեղան-քննարկում է անցկացվել ՀՀ սփյուռքի նախարարությունում: Մասնակիցներն առաջարկ են հնչեցրել «Հայերենն իմ սրտում է» համաժողովի մեկնարկի օրը հռչակել որպես հայ երիտասարդի օր:

Սփյուռքահայ երիտասարդները, շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը հայապահպանությանն ուղղված հերթական նախաձեռնության համար, արձանագրել են, որ համաժողովն ավարտվել է, սակայն նոր թափ ստացավ Հայրենիքի և Սփյուռքի միջև համագործակցությունը, և սկսվել է համաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ժամանակը: Նման ձեռնարկները նպաստում են ոչ միայն Հայրենիք – Սփյուռք, այլև Սփյուռք – Սփյուռք կապերի ամրապնդմանը: 

Լուսանկարը՝ heh.am-ի