ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրոխորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Եվրոխորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների համատեղ պատվիրակությանը, որը նույն օրն Արցախ է ժամանել  կարճատև ճանաչողական այցով. հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից: Գոհունակություն հայտնելով այցի առթիվ՝ ԱԺ նախագահը  կարևորել է դա որպես Արցախի ժողովրդի ազատությանն ու անկախությանն աջակցության հերթական արտահայտություն։ «Մենք ուրախ ենք, որ Եվրոպայում ունենք հին ու նոր բարեկամներ, և որ նրանց թիվը հարաճուն է, միևնույն ժամանակ, երախտագիտության զգացում ենք ապրում, որ ապրիլի 24-ին, գտնվելով Երևանում, ողջ հայ ժողովրդի հետ միասին գլուխ եք խոնարհել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև»,- ասել է Ղուլյանը:

Ջերմ բարեկամական մթնոլորտում անցած զրույցի առանցքային թեման է եղել խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացման խնդիրը։ Այդ համատեքստում առանձնապես կարևորվել է պատգամավորական բարեկամության խմբերի դերակատարությունը, փոխադարձ այցերի կազմակերպումը։

ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակության կազմում են եղել Եվրոխորհրդարանի պատգամավորներ Էվարդ Ստադլերը, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Վալերի Բուայեն և Գի Տեսսիեն, բելգիացի հայտնի հայագետ, պրոֆեսոր Բեռնար Կուլին։ Պատվիրակությանը Երևանից ուղեկցել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և պատգամավոր Թևան Պողոսյանը։ Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Պետրոսյանը, Ժաննա Գալստյանը և Արմեն Սարգսյանը։