Վաղը «Ծաղկաթաղիքի լուսաբացը» ցուցահանդեսով կամփոփվի թաղիքագործության վեցամսյա դասընթացը

Հայաստանը հնուց ի վեր հայտնի է իր արհեստագործական հարուստ ավանդույթներով: Խորհրդային տարիների տեխնիկական առաջընթացի և տոտալիտար ազգայնամերժ քաղաքականության արդյունքում դրանց հիմնական մասը կորստյան է մատնվել: Կորստյան մատնված այդպիսի ճյուղերից մեկն էլ թաղիքագործությունն է, որի վերջին նմուշները մեզանում պատրաստվել են մինչև անցած դարի 60-ական թվականները: Հայաստանի տարբեր գյուղերում դեռևս հնարավոր է հանդիպել տարեց մարդկանց, ովքեր հիշում են «թաղիք գցելու» արհեստը և պատմում այդ մասին: Թաղիքագործության ավանդույթները վերականգնելու, ուսուցանելու և նորից կենցաղ վերադարձնելու, ինչպես նաև դրանք նորովի մեկնաբանելու և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու դեպքում հնարավոր կլինի դրանք զարգացնել, տարածելով Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև ներկայացնելու աշխարհին գեղարվեստական արտադրանքի տեսքով. հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Այդ նպատակով, ՀՀ մշակույթի նախարարությունը «Կենաց տուն» հասարակական կազմակերպության հետ 2012 թ. հուլիսից-հունվար ամիսներին Գավառում և Գյումրիում իրականացրել է թաղիքագործության ուսուցման դասընթացներ` «Կորսված ավանդույթի վերականգնում» խորագրի ներքո:

Ծրագրի շրջանակներում Գավառում և Գյումրիում կազմակերպվել են խմբեր, յուրաքանչյուրում՝ 10 մասնակիցներով:

Դասընթացում ընդգրկվել են տեղական կրթօջախներում և կազմակերպություններում աշխատող մասնագետներ, ովքեր հետագայում վերապատրաստումների արդյունքում կարող են ուսուցանել տարբեր խմբերի, ինչը հնարավորություն կտա ապահովել թաղիքագործության ավանդական գիտելիքների և հմտությունների սերնդափողության, կենսունակության ակտիվացման գործընթացը:

Ծրագրի հաշվետու ցուցահանդեսը կկայանա սույն թվականի ապրիլի 27-ին, ժամը 14:00-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում` «Ծաղկաթաղիքի լուսաբացը» խորագրով:

Կցուցադրվեն ծրագրի մասնակից ուսուցիչների և սաների աշխատանքները` պաննոներ, ազգային տոների հետ կապված զարդարանքներ, զարդեր՝ վզնոցներ, և այլն:

Լուսանկարը՝ old.asparez.am-ի

Մեկնաբանել