Միասնական համակարգով աշխատելը շատ խնդիրներ կլուծի. Դ.Դումանյան

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) վտանգների համատեղ նվազեցնման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի գլխավորած պատվիրակությանը. տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ 
 
Դերենիկ Դումանյանը նշել է, որ կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային վերանայումն արդեն երկար տարիների քննարկման առակա է։ ՀՀ կառավարությունն իր հավանությանն է արժանացրել հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների հարուցիչների հետ աշխատող լաբորատորիաները մեկ միասնական կառուցվածք ստեղծելու գաղափարը և կենտրոնացված կառուցվածք ստեղծելու համար շենք է հատկացրել։ Հիմք ընդունելով սպասարկման տարածքի մեծությունը ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է մարզային նմանատիպ միասնական կառույցներ ստեղծել Շիրակի և Տավուշի մարզերում։ 
 
Կենսաանվտանգության և կենսապաշտպանության խնդիրների առթիվ Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ հատուկ վտանգավոր ախտածինների խորը ուսումնասիրությունների ուղղությամբ ծրագրվում է գիտական մակարդակի լուրջ հետազոտություններ իրականացնել, ներառյալ` մոլեկուլյար-գենետիկ և շտամների կուլտուրաների հետազոտություններ։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև կենսաբանական հետազոտություններին առնչվող ծրագրերի ընթացքին։ Մասնավորապես նշել է, որ տուլարեմիայի դեպքերի աշխարհագրական տեղեկատվական համակարգի քարտեզագրմանը վերաբերող AM-1 ծրագիրը հաջողությամբ իրականացվում է առանց ժամանակացույցից շեղումների։ Նույն կերպ ընթանում են մյուս ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքները։
 
Վտանգների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը նշել է, որ վտանգների համատեղ նվազեցնման ծրագրի նպատակն է օժանդակել և բարելավել առողջապահական և գյուղատնտեսական ոլորտները, ստեղծել մարդկանց և կենդանիների առողջական խնդիրներով զբաղվող միասնական կառույց։ 
 
Տիկին Ջորջը հայտնել է, որ ՀՀ կառավարության կողմից հատկացված շենքում ծրագրի շրջանակներում հայ գիտնականների հետ հետազոտություններ կիրականացվեն։ Նա իր գոհունակությունն է հայտնել, որ նախարարությունը պատրաստ է մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններում ընդգրկվելու և վստահեցրել, որ այդ ուղղությամբ կվերապատրաստեն հայ մասնագետներին։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բժշկական համալսարանում լարցուցիչ կրթական ծրագրեր ներառելու, օրենսդրական դաշտը նոր պահանջներին համապատասխանեցնելու հարցերը։

«Իրականացվող ծրագիրը շատ անհրաժեշտ է մեր երկրին, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն հաջողությամբ իրականացվի։ Անվտանգության նպատակով միասնական համակարգով աշխատելը համահունչ է մեր նպատակներին։ Վստահ եմ, որ մեկ հզոր կառույց ստեղծելով շատ խնդիրներ կկարողանանք լուծել»,- ասել է Դերենիկ Դումանյանը։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի