Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները Իտալիայում

Իտալական մի շարք քաղաքներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջոցառումներ. տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլի 24-ին Նեապոլի Սբ. Կատերինա Գիայա եկեղեցում «Թագուհի Ելենա» միջազգային ասոցիացիայի և Նեապոլի հայ համայնքի կողմից կազմակերպվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն և մատուցվել սուրբ պատարագ: Միջոցառումն անցկացվել է Իտալիայում ՀՀ դեսպանության, Նեապոլի քաղաքապետարանի և Կամպանիա նահանգի խորհրդի հովանու ներքո: Պատարագի ավարտին ընթերցվել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը, կազմակերպվել երթ դեպի Նեապոլի Նահատակների հրապարակ, որտեղ, ի հիշատակ Եղեռնի անմեղ զոհերի, ծաղկեպսակ դրվել:

Ապրիլի 24-ին Միլանի Սբ. Ամբրոջիո եկեղեցում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Հայ Առաքելական եկեղեցու Իտալիայի Հայոց հովվության հոգևոր հովիվ հայր Թովմա Խաչատրյանի կողմից մատուցվել է սուրբ պատարագ, որի ավարտին ելույթ է ունեցել Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը:

Այնուհետև պատարագին մասնակցող իտալական հասարակության և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներն քայլել են եկեղեցու բակում տեղեդրված խաչքարի մոտ, ուր տեղի է ունեցել մոմավառության արարողություն և ծաղկեպսակ է դրվել:

Ավելի ուշ արարողության մասնակիցները հյուրընկալվել են Միլանի քաղաքապետարանի դահլիճում, ուր տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են նաև Միլանի քաղաքապետ Ջուլիանո Պիզապիան և քաղաքային խորհրդի անդամները: Ելույթ է ունեցել քաղաքային խորհրդի նախագահ Բազիլիո Ռիցցոն:

Նույն օրը Միլանի «Հայ Տանը» անցկացվել է հիշատակի երեկո, որի ընթացքում ելույթ է ունեցել Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոսը և Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեին:

Ապրիլի 24-ին Հռոմի հրեական համայնքը Հռոմի հրեական թաղամասում կազմակերպել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառման մասնակիցների շարքում էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և Հռոմի հրեական համայնքի նախագահ Ռիկարդո Պաչիֆիչին:

Ներկաների առջև ելույթ է ունեցել դեսպան Ղազարյանը. «Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտելու և ոճրագործության կազմակերպիչներին արժանի պատժի արժանացնելու պարագայում աշխարհը ականատես չէր լինի այլ ցեղասպանությունների: Ուստի, միջազգային հանրությունը պետք է անդադար պայքար մղի ցեղասպանության բոլոր դրսևորումների, ինչպես նաև ցեղասպանության ժխտողականության դեմ, որպեսզի այս սոսկալի երևույթը այլևս չսպառնի մարդկությանը: Եվ այդ պայքարի առաջին շարքերում պետք է լինեն հենց ցեղասպանություն վերապրած ժողովուրդները»: Այնուհետև, Սիենայի համալսարանի պատմության պրոֆեսոր, հայտնի ցեղասպանագետ Մարչելլո Ֆլորեսը հանդես է եկել դասախոսությամբ: Նա դասախոսությամբ հանդես է եկել նաև նույն օրը Հռոմի պատմական և ամենահեղինակավոր բարձրագույն դպրոցում` Liceo Visconti-ում, տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված դասախոսությանը, որը կազմակերպվել էր Հռոմի և Լացիոյի հայ համայնքի կողմից՝ Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպանը:

Միջոցառմանը շուրջ 300 ուսանողներից բացի ներկա են եղել Իտալիայի կրթության նախարարության, ինչպես նաև Հռոմի մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:

Ապրիլի 24-ին Բարի քաղաքի հայ համայնքի և «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի կողմից Բարիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է «Հայեր. մի ժողովրդի մոռացված ցեղասպանություն» խորագրով համաժողով: Միջոցառումն անցկացվել է Իտալիայում ՀՀ դեսպանության և Բարիի քաղաքապետարանի հովանու ներքո:

Համաժողովի ընթացքում ներկայացվել է Լեչեի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Կ.Բոլոյանի կողմից մշակված ձեռնարկ` ցեղասպանությունը վերապրած հայ կնոջ` Աղավնի Պողոսյանի, հուշերի մասին: Համաժողովի բացմանը ընթերցվել է Իտալիայում դեսպան Ղազարյանի ուղերձը: Միջոցառմանը ներկա են եղել քաղաքային իշխանությունների, իտալական հասարակության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Համաժողովի ավարտին կազմակերպվել է երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանը:

Մեկնաբանել