Իշխանության ենք գալիս՝ կառավարման համակարգ փոխելու. Արմեն Մարտիրոսյան

Առաջիկայում «Բարև Երևան»-ի քարոզարշավը կիրականացվի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին. նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը «Հ1»-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում: «Մենք չենք ցանկանում խանգարել Րաֆֆի Հովհաննիսյանին համապետական ճգնաժամի խնդիրները լուծելու առումով, բայց իր աջակցության կարիքը զգացվում է, և ինքն ամսի 28-ին կմիանա քարոզարշավին»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Բարև Երևան» դաշինքն իրականում աննախադեպ է Հայաստանի Հանրապետության նորագույն շրջանում, քանի որ ներառում է ոչ միայն քաղաքական ուժերի, այլև՝ անհատների՝ հասարակական, մտավորական գործիչների: «Քաղաքապետը մեծապես կախված է ավագանու որոշումներից, և ուրեմն կարևոր է, թե ինչպիսի ավագանի ենք ունենալու: Եվ մենք գալիս ենք ոչ թե Երևան քաղաքում իշխանություն փոխելու, այլ՝ կառավարման համակարգ փոխելու: Մեր նպատակն է՝ մենք իշխանության ենք գալիս, որ կառավարման համակարգ փոխենք»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները չեն կարող միմյանց «հայելային արտացոլանքը լինել», և դժվար է ընտրությունների արդյունքների թվային տվյալներ կանխատեսել:

«Չի եղել մի այնպիսի ընդդիմադիր գործողություն, որին Րաֆֆի Հովհաննիսյանը չաջակցեր: Սակայն այս հետընտրական գործընթացներում տեսանք, որ մեր գործընկերները՝ ընդդիմադիր ուժերը ոչ միայն իրենց անգործությամբ չաջակցեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, այլև՝ իրենց հակաքարոզչությամբ նպաստեցին իշխանական համակարգին»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ ընդդիմությունը հարկ է, որ հիմա էլ «սև փիարի» չդիմի, ինչպես նաև՝ չօգտվի ընտրակաշառքի մեխանիզմից: «Մենք չենք ասում՝ ՀՀԿ-ն պիտի ընտրակաշառք չբաժանի, մենք ասում ենք՝ ընտրակաշառք պիտի չբաժանվի, ոչ ոք պիտի չբաժանի»,- նշեց նա:

Մեկնաբանել