Ոստիկանության պարզաբանումը «ընտրացուցակներում ռուսների և պարսիկների» մասին

Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Zham.am կայքի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ, ըստ որի ընտրացուցակներում երկու ամսվա ընթացքում հայտնվել են «բավական մեծ թվով ռուսներ ու պարսիկներ» և «ի հայտ են բերվել ընտրացուցակների ամենաակնառու խախտումները»: Պարզաբանումը ներկայացված է ստորև:

«Հայտնում ենք, որ հերթական անգամ օրենքի չիմացության պատճառով փորձ է արվում ապակողմնորոշել հանրությանը:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս հայտարարություն է տարածել, որ ի տարբերություն համապետական ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բացի ընտրելու իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն ունեն առնվազն վեց ամսվա հաշվառում  (ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մաս): 

Երևան քաղաքի ավագանու ընտրողների թիվը 25.03.2013 թ.-ի դրությամբ կազմել է 817814, որից 3375-ը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք են:

Նույն կայքում զետեղվել է տեսանյութ, ըստ որի՝ Երևան քաղաքի Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 2/3 շենքի բն. 6 հասցեում հաշվառված է սեփականատիրոջն անհայտ ոմն Ամալյա Վարժապետյան, իսկ Բաբաջանյան 26/5 շենքի 39 և նույն շենքի 27 բնակարաններում, բացի ընտանիքի անդամներից, համապատասխանաբար հաշվառված են 18 և 27 անձինք:

Ամալյա Եղիայի Վարժապետյանը իրականում հաշվառված է Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 2/3 շենքի բն. 6 հասցեում, սակայն տեխնիկական սխալի պատճառով հասցեն բնակչության պետական ռեգիստրում նշվել է Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 2/3 շենքի բն. 6 (1-ին միկրոշրջանի փոխարեն նշվել է 2-րդ միկրոշրջան): Սխալի պատճառ է հանդիսացել բնակարանի սեփականատերերի հաշվառման քարտերում առկա տեղեկությունների անհամապատասխանությունը: Մասնավորապես, ըստ բնակարանային հաշվառման թիվ 17 ձևի քարտի՝ քաղաքացու հասցեն նշված է որպես   2-րդ միկրոշրջան, իսկ անձնական հաշվառման թիվ 16 ձևի քարտում` 1-ին միկրոշրջան: Ընտրացուցակների ընթացիկ ստուգմամբ պարզվել է, որ Ամալյա Վարժապետյանի իրական հասցեն Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 2/3 շենքի բն. 6-ն  է: Անճշտությունը շտկվել է:

Նախնական ցուցակները հրապարակելիս Բաբաջանյան փ. 26/5 շ. բն. 39 հասցեում հաշվառված է եղել 21 ընտրող, որոնցից 5-ը Հռիփսիմե Կիրակոսյանի ընտանիքի անդամներն են: Մյուս բոլոր 16 անձինք նշված հասցեում հաշվառվել են ՀՀ կառավարության 2005 թ. հուլիս 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով բնակարանի սեփականատերերի` գրավոր համաձայնության հիման վրա:

Նախնական ցուցակները հրապարակելիս Բաբաջանյան փ. 26/5 շ. բն. 27 հասցեում հաշվառված է եղել 29 ընտրող, որոնք բոլորն էլ նշված հասցեում հաշվառվել են ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով` բնակարանի սեփականատերերի գրավոր համաձայնության հիման վրա:

Չնայած նրան, որ Բաբաջանյան փ. 26/5 շենքի 39 և 27 բնակարաններում հաշվառված բոլոր անձինք բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են օրենսդրության պահանջներին համապատասխան, այնուհանդերձ՝ ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ապահովելու նկատառումով 2012 թվականի հոկտեմբեր ամսից ՀՀ ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարվել 10 և ավելի անձանց հաշվառում ունեցող հասցեներ: Այցելությունները նպատակ են հետապնդել բնակարանների սեփականատերերին պարզաբանել իրենց բնակարանների նկատմամբ գույքային իրավունքներ չունեցող անձանց հաշվառումից հանելու կարգը:

Բացատրական աշխատանքների արդյունքում (նախքան տեսանյութի տարածումը) Բաբաջանյան փ. 26/5 շենքի 39 և 27 բնակարանների սեփականատերերը հունվարից ապրիլ ամիսներ ընկած ժամանակահատվածում գրավոր դիմումներ են ներկայացրել Մալաթիայի անձնագրային ծառայություն` այլ անձանց հաշվառումից հանելու խնդրանքով: Անձնագրային ծառայությունը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում հարցումներ է կատարել հաշվառված անձանց գույքային իրավունքները պարզելու համար: Պատասխանները ստացվել են փետրվար-ապրիլ ամիսներին, որից հետո իրավատեր չհանդիսացող անձինք հաշվառումից հանվել են:

Վերջնական ցուցակները հրապարակելիս` հաշվառումից հանված անձանց տվյալներն առկա չեն լինի ընտրացուցակում»: