Այլիսին չի լքել Ադրբեջանը

Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» աղմկահարույց վեպի հեղինակ Աքրամ Այլիսլին հերքել է ապրիլի 26-ին ադրբեջանական մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ինքը լքել է Ադրբեջանը` արտասահմանում ապաստան փնտրելու համար: «Ես Բաքվում եմ և որեւէ տեղ մեկնել չեմ պատրաստվում»,- ադրբեջանական kulis.az լրատվական կայքին հայտնել է նա:

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով նրա որդուն, տեղեկություն են հրապարակել այն մասին, որ արտագաղթի համար երկրի որոնումներով Այլիսլին լքել է Ադրբեջանը: Գրողը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը և չի բացատրել պատճառը, թե ինչու նրա որդին լրագրողների հետ զրույցում հաստատել է գրողի` երկիրը լքելու մասին լուրը: «Ես միգրացիայի մասին անգամ չեմ մտածում»,- ասել է Այլիսլին:

«Քարե երազներ» վեպում Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն նկարագրել է Նախիջևանում` Ագուլիսում, անցյալ դարասկզբին և 1988-1990 թթ. Սումգայիթում և Բաքվում իրագործված հայկական ջարդերն ու ադրբեջանցիների վայրագությունները: Վեպն անցյալ դեկտեմբերին հրատարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում:

Վեպի հրապարակումից երկու ամիս անց Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային ժողովրդական հիստերիա են հրահրել: Իշխանամետ երիտասարդությունը Այլիսլիի տան առաջ այրել է վրան խաչ քաշված նրա լուսանկարները, և «թշնամի», «դավաճան» վանկարկել: Խորհրդարանի պատգամավորները պահանջել են այրել նրա բոլոր գրքերը, զրկել քաղաքացիությունից, բոլոր պետական պարգեւներից և արտաքսել Ադրբեջանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից, նախագահական թոշակից և ամառանոցից զրկելու մասին: Աշխատանքից հեռացվել են նրա կինն ու որդին: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թևի անդամներին 10 հազար մանաթի պարգևի դիմաց հանձնարարել է կտրել Այլիսլիի ականջը: Գրողը հայտարարել էր, որ եթե իր նկատմամբ ճնշումներն Ադրբեջանում շարունակվեն, ապա ինքն ընտանյոք հանդերձ կհեռանա Ադրբեջանից:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը և Եվրամիությունը դատապարտել են Ադրբեջանում Այլիսլիի հալածանքները և իշխանություններին կոչ արել կատարել նրա անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորությունները: «Քարե երազներ» վեպը թարգմանվել է նաև հայերեն:

Մեկնաբանել