Ադրբեջանցի գրողը հաստատել է Ցեղասպանությունը ճանաչելու իր համոզմունքը

Ռուսաստանաբնակ ադրբեջանցի գրող Էդուարդ Բաղըրովն ադրբեջանական ANS հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախօրեին հնչեցրած իր համոզմունքը: Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ադրբեջանցի գրողը համացանցի իր բլոգում ամբողջ հայ ժողովրդին ցավակցություն էր հայտնել Ցեղասպանության զոհերի համար: «Մոսկվայի ողջամիտ ադրբեջանցիների անունից 1915թ. Թուրքիայում ցեղասպանության ենթարկվելու տարելիցի կապակցությամբ ցավակցություն եմ հայտնում հայերին»,- գրել էր նա:

Հարցին, թե ցավակցություն հայտնելով հայերին` արդյոք նա դրանով ցանկացել է ճանաչել Ցեղասպանության իրողությունը, Էդուարդ Բաղըրովն ասել է. «Ըստ ինձ` ցեղասպանությունը մարդկանց ազգային պատկանելության համար սպանությունն է: Հիտլերը հրեաների նկատմամբ նման ցեղասպանություն էր իրագործել: 1915թ. մեկուկես միլիոն հայեր սպանվել են հայ լինելու համար: Այդ ցեղասպանության համար ես կիսում եմ հայերի վիշտը»,- ասել է Բաղըրովը: «Եթե նույն բանը կատարված լիներ ադրբեջանցիների նկատմամբ, ապա այն եւս ցեղասպանություն կկոչվեր: Կարծում եմ, որ մեր դարում չի կարելի աչք փակել մարդկանց ազգային պատկանելության համար սպանությունների նկատմամբ: Ես դեմ եմ դրան»,- հավելել է նա:

Էդուարդ Բաղըրովը հայտնի է իր «Գաստարբայտեր» գրքով, որը 2007թ. Մոսկվայում հրապարակվել է 100 հազար տպաքանակով: Էդուարդ Բաղըրովը գրող Աքրամ Այլիսլիից և կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչած երրորդ ադրբեջանցի մտավորականն է: