«Բարև Երևանը» դիմել է դատարան

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 26-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ասված է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամլո հաղորդագրության մեջ:

Հայցադիմումով բողոքարկվում է օրեր առաջ ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում:

Նշենք, որ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ Տարոն Մարգարյանի անունից, ինչը «Բարև Երևանի» կարծիքով` հանդիսանում է Տարոն Մարգարյանի քարոզչություն՝ հարկատուների գումարների հաշվին:

Վարչական դատարանից հայցվոր Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով:

Դատարանի նիստը տեղի կունենա այսօր ժամը 16:00-ին:

Բացի այդ` Դանիել Իոաննիսյանը ընտրախախտումների մասին տեղեկություններով արդեն երկրորդ դիմումն է ներկայացրել ԿԸՀ: Դիմումով, բացի խախտումները վերացնելուց և մեղավորներին պատժելուց, ԿԸՀ-ից պահանջվում է դիմելով դատարան չեղյալ համարել Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը, քանի որ վերջինս բազմաթիվ խախտումներ է կատարել:

Մեկնաբանել